Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ասպրամ Կրպեյանը «թուրք ժողովուրդ» է համարում ՔՊ-ին ընտրած 680 հազար քաղաքացիներին

Ասպրամ Կրպեյանը «թուրք ժողովուրդ» է համարում ՔՊ-ին ընտրած 680 հազար քաղաքացիներին
Քաղաքականություն
18:18, 09 декабрь 2021
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, արցախյան հերոսամարտի մասնակից, ազգային հերոս  Թաթուլ Կրպեյանի դուստր  Ասպրամ Կրպեյանը թեեւ նոր է ստանձնել մանդատը, սակայն հասցրել է աչքի ընկնել անքաղաքավարի պահվածքով։ Նա երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ որոշել էր իրեն հատկացված աթոռով հանդերձ շրջվել դեպի ԱԺ նախագահությունը՝ ակնհայտորեն ցույց տալով, որ չի ցանկանում լսել  պատգամավորների հարցերին պատասխանող վարչապետին։ Պարզվում է՝ Օքսֆորդի համալսարանն ավարտած, ՄԱԿ-ում եւ միջազգային մի շարք կազմակերպություններում աշխատած տիկին Կրպեյանը, որը պատգամավորի աշխատավարձ է ստանալու ՀՀ հարկատուների վճարած հարկերից, «թուրք» է համարում նույն այդ հարկատուներին, ավելի ճիշտ՝ այն շուրջ 680 հազար քաղաքացիներին, որոնք ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ ձայն են տվել «Քաղաքացիական պայամանգիր» կուսակցությանը։ 

Նա արտահերթ ընտրությունների հաջորդ օրը՝ հունիսի 21-ին, իր ֆեյսբուքյան էջում «բնիկ Կարսեցու մտորումներ, ներում չկա» հեշթեգերի տակ ահա թե ինչ էր գրել․  «թուրքը հաղթեց: Հ.Գ. հարգելի´ ընկերներ, ինձ սփոփելու կարիք չկա: Սա պարզապես իրականության արձանագրում է: Այս հաղթանակը թուրք ժողովրդինն է: Իսկ իմ պայքարը շարունակվում է: Հաղթածները չեն ծնկում: Դրանում մեկ վարկյան չկասկածեք»:

Օրերս էլ բնիկ կարսեցի Ասպրամ Կրպեյանի մտորումների թեման ՏԻՄ վերջին ընտրություններն էին։ Տիկին պատգամավորը որոշել էր լակոնիկ արտահայտվել․ «Մահվան կուսակցության մահը»,-գրել էր նա։ Թե  հատկապես ո՞ր կուսակցությանն է Կրպեյանը «մահվան» անվանում՝ չենք կարող ասել, բայց որ դաշինքի մաս կազմող ՀՅԴ-ն մի շարք համայնքներում սեփական մահն է արձանագրել՝  փաստում են ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ 

Ի դեպ, Ասպրամ Կրպեյանը մինչեւ 44-օրյա պատերազմի ավարտը աշխատում էր ՀՀ վարչապետի աշխատակազմում՝ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակում: Կրպեյանի կենսագրականում նշված է, որ 31 ամյա պատգամավորն  աշխատել է կառավարական եւ կրթական հաստատություններում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում, ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ում, Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում։

Հետաքրքիր է՝ ինչ էր մտածում բնիկ կարսեցի, «առանց Արցախի չկա Հայաստան, առանց Հայաստան՝ չկա Արցախ» թեզն անընդհատ կրկնող Ասպրամ Կրպեյանը, երբ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը բանակցում էր ազատագրված 7 շրջանները հանձնելու մասին։   

Հեղինե Մանուկյան