Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երբ Մուշեղ Սաղաթելյանը բարձրաձայնեց Հոկտեմբերի 27-ի հետ Ռոբերտ Քոչարյանի կապի մասին, հաջորդ օրը հիշեցին, որ նրա դիպլոմը լիցենզավորման խնդիր ունի. Ռազմիկ Պետրոսյան

Երբ Մուշեղ Սաղաթելյանը բարձրաձայնեց Հոկտեմբերի 27-ի հետ Ռոբերտ Քոչարյանի կապի մասին, հաջորդ օրը հիշեցին, որ նրա դիպլոմը լիցենզավորման խնդիր ունի. Ռազմիկ Պետրոսյան
Քաղաքականություն
18:48, 09 декабрь 2021
Երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավորներից մեկը հարց բարձրացրեց առ այն, որ Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն ավարտել է լիցենզիա չունեցող բուհ։ Բուհը կոչվել է  Հովնանյանի անվան համալսարան և գործել է Ապարանում։

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է Ռազմիկ Պետրոսյանի հետ։ Նա նշեց, որ այդպիսի մի պատմության նախադեպն արդեն ունեն, և հիշեցրեց ՔԿՀ-ների վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի հետ կապված մի դեպք։

 «Նախադեպն արդեն ունենք։ Պատահական չէր, որ մեր Սաղաթելյան Մուշեղը, որը երկար տարիներ աշխատել էր ՔԿՀ-ներում, և երբ վարչության պետ էր ու բարձրաձայնեց  Հոկտեմբերի 27-ի հետ Ռոբերտ Քոչարյանի կապի մասին, այդ հայտարարության հենց հաջորդ օրվանից հիշեցին, որ նրա դիպլոմը լիցենզավորման խնդիր ունի: Ինձ հետ կապված այս աժիոտաժը ևս նշանակում է, որ ես ինչ-որ մեկին  ցավ եմ տվել։ Բայց ես ճիշտ ճանապարհի վրա եմ։ Այդ բուհը, որը ես ավարտել եմ, 1996-2001 թվականներին ունեցել է գործունեություն ծավալելու իրավունք։ Ես 1998 թվականին ընդունվել եմ այդ բուհ, և թե այն  լիցենզիա ունեցել է, թե ոչ՝ ես որպես ուսանող, բուհն ավարտելու իրավունք պիտի ունենայի»,- ասաց Ռազմիկ Պետրոսյանը։ 

Այնուհետև նա նշեց, որ ինքն ակնկալում էր, որ երեկ ԱԺ-ում, երբ այդ հարցը քննարկվել է, Սեյրան Օհանյանը, ճանաչելով իրեն, իր անցած ճանապարհը և պետականության մեջ ունեցած ավանդը, մինչ պարոն Սանոսյանի պատասխանելը հարցին՝ պետք է վեր կենար և խոսեր իր կրթական ցենզի կամ ունակությունների մասին։  

Ռազմիկ Պետրսյանը նաև ասաց, որ 90-ականներին ինքը և շատերը  ճակատագրի բերումով ռազմի դաշտում լինելու պատճառով հնարավորություն չեն ունեցել կրթություն ստանալու, և իր համար հնարավորություն է ստեղծվել կրթություն ստանալու 90-ականների վերջերին, բայց մինչև այդ ինքը բարձրագույն զինվորական ակադեմիական դասընթացներ է անցել, այնուհետև ստացել է գնդապետի կոչում։

«Այդ բոլորը թողնելով մի կողմ՝ ես, ամենակարևորը, ունեմ կյանքի փորձ, ինչն ինձ տալիս է լիիրավ հնարավորություն այս աշխատանքում ծառայելու իմ հայրենիքին։ Իսկ իրեն ընդդիմադիր հռչակած բանդան այսօրվա վիճակով ավելորդ աժիոտաժ է ստեղծում իմ շուրջը։ Նրանք հատկապես ակտիվացան, երբ որ տեսան, որ այս տարածաշրջանը, որը նախկինում քվոտայով տրված է եղել Դաշնակցությանը, նրանց  աշխատած ժամանակ շիրմա է եղել պետական կառավարման և ՏԻՄ կառավարման միջև։ Հիմա այդ շիրման վերացել է, և մենք կարողանում ենք ներքևից խնդիրները հանել, հարցերը ծրագրերի տեսքով մինչև պետական կառավարում հասցնել։ Կարծում եմ՝ իմ 1,5 ամսվա գործունեությունն ու ակտիվ այցերը կրթական և այլ հաստատություններ պատճառ հանդիսացան, որ ընդդիմությունն այդպես ակտիվանար։ Բայց իմ այս գործունեությունը շարունակական է լինելու ի դժբախտություն  իրենց։ Մենք հզորացրել ենք բանակը, որի հիմքում ես եղել եմ, հզորացնելու ենք նաև տնտեսությունը»,- ասաց Ռազմիկ Պետրոսյանը։ 

Ի հավելումն՝ նա տեղեկացրեց, որ իր սովորելու ժամանակ կրթության նախարար է եղել դաշնակցական Լևոն Մկրտչյանը։

Նա նշեց, որ այդ ժամանակ ոչ միայն ինքը, այլև այդ բուհում սովորող շատ ուսանողներ պարտավոր չէին իմանալ, որ բուհը լիցենզավորված չի, և իրենց խաբել են, բայց  բոլորն էլ շատ ուրախացել էին, որ բուհերն արդեն հասել են շրջաններ: 

«Բայց տված ուսումն ու կրթությունն ամեն դեպքում դրական է եղել, մասնագետները նորմալ են եղել, ու լիցենզիայով հետաքրքրվելու անհրաժեշտություն չի եղել։ Բայց եթե անհրաժեշտություն լինի քննություն հանձնելու, պատրաստ եմ նորից պետական բուհում քննություն հանձնել, որպեսզի հստակեցնենք՝ ես իրականում տնտեսագետի մասնագիտություն ստացե՞լ եմ, թե՞ չէ։ Ես որևէ մեկին հաշվետվություն տալու խնդիր չունեմ, ինձ համար իմ կյանքի փորձը հերիք է ամենաբարձր դիպլոմից անգամ»,- ասաց Ռազմիկ Պետրոսյանը։

Լիլիթ Թադևոսյան