Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանն իրապես հավատարիմ է ցեղասպանության կանխարգելման համաշխարհային ջանքերին. փոխնախարար

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի ելույթը «Կրթության դերը ցեղասպանության ժխտման դեմ պայքարում» վերնագրով առցանց քննարկմանը

Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,


Ողջունում եմ ձեզ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության և Պաշտպանելու պատասխանատվության գլոբալ կենտրոնի կողմից կազմակերպված առցանց քննարկմանը` նվիրված Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան: 


2015 թվականից ի վեր Հայաստանի նախաձեռնությամբ հաստատված Դեկտեմբերի 9-ի միջազգային օրը ծառայում է որպես ներառական հարթակ, որը միավորում է կառավարություններին, միջազգային կազմակերպություններին, ակադեմիական համայնքին և քաղաքացիական հասարակությանը՝ «Այլևս երբեք» խոստումը կատարելուն միտված մեթոդների շուրջ խորհելու նպատակով:


Հայաստանը (հայ ժողովուրդը), որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, երկար տարիներ եղել է միջազգային ասպարեզում այս հանցագործության դեմ պայքարի առաջամարտիկը և հետևողականորեն ընդգծել է ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում զանգվածային հանցագործությունների տանող նախազգուշացնող նշանների բացահայտման և դրանց դեմ գործելու կարողությունների հզորացման կարևորությունը:


Տիկնա՛յք և պարոնա՛յք,


Ցեղասպանության կանխարգելման գործիքների շարքում կրթությունն ամենահզոր եզակի գործիքն է, որն արդիական է ինչպես երբևէ, մասնավորապես՝ ապատեղեկատվության, հրահրող հռետորաբանության և ատելության խոսքի միտումների անհանգստացնող աճի ֆոնին:


2018 թվականի դեկտեմբերի 9-ից 11-ը Հայաստանում տեղի ունեցավ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 3-րդ գլոբալ ֆորումը, որը նվիրված էր կրթության, մշակույթի և թանգարանների միջոցով ցեղասպանության կանխարգելմանը։ Այս ֆորումի կարևորագույն նպատակներից էր ուսումնասիրել ցեղասպանությունների կանխարգելման հիմնախնդիրները կրթության և գիտության միջոցով, բարձրացնել իրազեկվածությունը ցեղասպանության մասին կրթության մարտահրավերների վերաբերյալ և քննարկել ձեռնարկվելիք քայլերն ու արդյունավետ մեթոդներն այդ մարտահրավերներին դիմակայելու համար:


Նախկինում իրագործված ցեղասպանությունների վերաբերյալ ուսուցման կարևորությունն ընդգծվել է նաև ցեղասպանությունների կանխարգելման մասին Հայաստանի կողմից ներկայացված և Մարդու իրավունքների խորհրդի կողմից 2020թ․ հունիսին միաձայն ընդունված բանաձևում։ Բանաձևում ընդգծվում է նախկինում իրագործված ցեղասպանություններին առնչվող ապացույցների և արխիվային նյութերի պահպանման անհրաժեշտությունը, արտահայտում է ժամանակակից աշխարհում այս խնդրի հետ կապված զարգացումները և համահունչ է ՄԱԿ-ի կողմից սահմանված առաջնահերթություններին։ Այսպիսով, հղում անելով ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին՝ փաստաթղթում ընդգծվում է, որ դրա չորրորդ նպատակին պետք է հասնել անցյալում իրականացված ցեղասպանությունների մասին ուսուցման միջոցով։


Տիկնա՛յք և պարոնա՛յք,


Հիմնական պատճառներից մեկը, որը հանգեցնում է ցեղասպանության, ինչպես նաև մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների, անպատժելիությունն է։ Նախկինում իրագործված ցեղասպանությունների ոչ պատշաճ դատապարտումը և պատժից խուսափելը պարարտ հող են ստեղծում ցեղասպանության ժխտման և արդարացման համար, և, ի վերջո, զանգվածային վայրագությունների կրկնության համար:

Հայ ժողովուրդը վաղուց է առճակատվում ցեղասպանական գործընթացի վերջին փուլի` ցեղասպանության ժխտման հետ, որը դրսևորվում է բազմաթիվ ձևերով՝ առաջին հերթին պատմական ապացույցները և ցեղասպանական ջանքերի մասշտաբները թաքցնող նարատիվների, իրավական մանիպուլյացիաների, զոհերին մեղադրելով, նսեմացնելով նրանց տառապանքները, պաշտպանելով և նույնիսկ փառաբանելով հանցագործներին և դրանով իսկ ձգտելով ստեղծել մի մթնոլորտ, որը կվախեցնի և կլռեցնի վերապրածներին սերունդներ շարունակ:

Ժխտողականները կանգ չեն առնում ոչ մի բանի առաջ՝ խլելով զոհերի արժանապատվությունը և զրկելով նրանց պատմական հիշողության մեջ իրենց արժանի տեղից։ Ճշմարտության դեմ նման նպատակաուղղված հարձակումը, անկասկած, ցեղասպանության վերջնական դրսևորումն է` կրկնակի սպանություն․ ինչպես բացատրել է Հոլոքոստը վերապրած Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելը, քանի որ եթե ցեղասպանության զոհերը մոռացության մատնվեն, «մահացածները կսպանվեն երկրորդ անգամ»:

Անկասկած, անպատժելիության և ժխտողականության դեմ պայքարելու համար ցեղասպանության կանխարգելման օրակարգի կողմնակիցները պետք է ուշադրություն դարձնեն Հայկական հարցին: Արդեն ավելի քան մեկ դար է, ինչ Հայոց ցեղասպանությունը վերապրածների, նրանց ժառանգների և իրավապաշտպանների միջազգային հանրությանը բաժին է ընկել ցեղասպանության հիշատակը վառ պահելու պատասխանատվությունը՝ հետամուտ լինելով ճշմարտության ճանաչմանը և դրա պատշաճ ներկայացմանը կրթական և մշակութային ոլորտներում:

Պատմությունը և ներկա փորձը ցույց են տալիս, որ այն երկրները, որոնք ժխտողական քաղաքականությունը հասցրել են պետական գաղափարախոսության մակարդակի, երբեք չեն կարողանա իրական ժողովրդավարություն կառուցել, քանի որ չեն կարող ապահովել խոսքի ազատությունը, հավաքների ազատությունը, փոքրամասնությունների պաշտպանությունը և այլ հիմնարար իրավունքներ։ Այսպիսով, ցեղասպանության հանցագործության ճանաչումը հենց այդ երկրների կողմից հիմք է հանդիսանում ժողովրդավարության հետագա զարգացման և մարդու իրավունքների խթանման ու ամրապնդման համար։

Հարգելի՛ գործընկերներ,


Ցեղասպանությունը և զանգվածային այլ վայրագությունները սովորաբար նախապես ծրագրված են և իրականացվում են խաղաղ բնակչությանը թիրախավորելու, մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման և ծայրահեղ ատելություն տարածելու միջոցով: Այս բոլոր գործողություններն իրականացվել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական ագրեսիայի ժամանակ, որը ծրագրել և իրականացրել է Ադրբեջանը՝ Թուրքիայի քաղաքական և ռազմական լիարժեք աջակցությամբ և օտարերկրյա վարձկանների և ահաբեկիչների ներգրավմամբ։ Այսպիսով, զանգվածային վայրագությունների նոր զոհերով, հայ ժողովուրդը կրկին ենթարկվեց էկզիստենցիալ սպառնալիքի։


Այդուհանդերձ, ինչպես իրենց նախնիները, նրանց էլ վիճակված է այդ վտանգին դիմակայել և այն հաղթահարել առավել մեծ վճռականությամբ՝ իրենց ինքնությունը պահպանելու և մարդասիրությունն ի շահ մարդկության ծառայեցնելու նպատակով։


Տիկնա՛յք և պարոնա՛յք,


Որպես միջազգային հանրության անդամ՝ Հայաստանն իրապես հավատարիմ է ցեղասպանության կանխարգելման համաշխարհային ջանքերին: Ցեղասպանության և զանգվածային վայրագությունների վերաբերյալ արդյունավետ ուսուցմանը և կրթությանն ուղղված հավաքական ջանքերը կարող են դառնալ նմանատիպ գործողությունների կանխարգելման հիմնական բաղադրիչ։


Շնորհակալ եմ։