Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՍԴ որոշմամբ՝ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելուց հետո անձը չի կարող պահվել անազատության մեջ

ՍԴ որոշմամբ՝ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելուց հետո անձը չի կարող պահվել անազատության մեջ
Քաղաքականություն
19:48, 09 декабрь 2021
ՀՀ սահմանադրական դատարանը նոր որոշմամբ արձանագրել է, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի,  չի կարող պահվել անազատության մեջ:

ՍԴ –ն հրապարակել է ՀՀ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 295-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով որոշումը:

ՍԴ որոշման մեջ, մասնավորապես, նշված է, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող պահվել անազատության մեջ։ Պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ:

ՍԴ-ն նաև արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը համապատասխանում է Սահմանադրությանը:

«Հայաստան» դաշինքն էլ, անդրադառնալով պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ իրենց դիմումի վերաբերյալ ՍԴ այդ որոշմանը, նշել է, որ Սահմանադրական դատարանի այս որոշումից հետո անհապաղ պետք է փոխվի իրենք երեք գործընկերների՝ Արմեն Չարչյանի, Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը, և նրանք պետք է ազատ արձակվեն:

Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն արդեն տեղեկացրել է, որ պատրաստվում է ներկայացնել դատարանին միջնորդություն անհապաղ դատական նիստ հրավիրելու եւ Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանավորումը վերացնելու պահանջով: