Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամ»-ը պատրաստ է աջակցել արդարադատության նախարարության բարեփոխումներին

«Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամ»-ը պատրաստ է աջակցել արդարադատության նախարարության բարեփոխումներին
Քաղաքականություն
22:13, 09 декабрь 2021
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հանդիպել է «Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամ»-ի ներկայացուցիչներին. այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից։
 
«Ծրագրերի ավագ ղեկավար Էլսփետ Սութերսը ներկայացրել է ժողովրդավարության կայացման գործում պետություններին աջակցելուն ուղղված  Հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները։ Վերջինս անդրադարձել է Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների և ոչ կառավարական կազմակերպությունների հետ իրականացվող ծրագրերին, որոնք ներառում են նաև արդարադատության ոլորտի բարեփոխումները:

Նախարարը ներկայացրել է արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները։ Անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների գործընթացին, նախարարն ընդգծել է՝ որ գործընթացն իրականացվելու է հասարակական կազմակերպությունների հետ սերտ և կառուցողական համագործակցությամբ: Գործընթացը մեկնարկել է բազմաշահառու հանրային քննարկումների անցկացմամբ, որին հաջորդել են  Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ստեղծման օրենսդրական փաթեթի մշակման աշխատանքները, որոնց ակտիվորեն մասնակցել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Վերջիններիս  կողմից ներկայացված առաջարկությունների մեծ մասը հաշվի են առնվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հիմնադրամի ներկայացուցիչները հետաքրքրվել են Հայաստանում դատաիրավական բարեփոխումների գործընթացով, որին ի պատասխան նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը ներկայացրել է դատաիրավական բարեփոխումների ռազմավարության հիմնական ուղղություններն ու իրականացման ընթացքը առանձնացնելով՝ դատավորների բարեվարքության գնահատմանն ուղղված բարեփոխումները։
Կողմերը քննարկել են նաև համագործակցության հնարավոր հեռանկարները։