Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկվել է Շվեյցարական համագործակցության 2022-2025 թթ ծրագիրը. Հայաստանում ծրագրի բյուջեն կկրկնապատկվի

Քննարկվել է Շվեյցարական համագործակցության 2022-2025 թթ ծրագիրը. Հայաստանում ծրագրի բյուջեն կկրկնապատկվի
Քաղաքականություն
22:55, 09 декабрь 2021
2021 թվականի դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել Հարավային Կովկասի տարածաշրջանում Շվեյցարական համագործակցության 2022-2025 թվականների ծրագրի շնորհանդեսը։

Շնորհանդեսը տեղի է ունեցել հիբրիդային ձևաչափով, որին ֆիզիկապես և առցանց մասնակցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Էկոնոմիկայի, Ֆինանսների, Բնապահպանության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Արդարադատության փոխնախարարներ, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Ստեֆան Կլոտզլին, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ, միևնույն ժամանակ նաև Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության տարածաշրջանային տնօրենի տեղակալ պարոն Վերներ Թութը, համագործակցող միջազգային կառույցների այլ ներկայացուցիչներ։
ՀՀ-ում Շվեյցարիայի փոխդեսպան Վերներ Թութը, ջերմորեն ողջունելով մասնակիցներին, կարևորել է Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի միջև բարեկամական հարաբերությունները։ Փոխդեսպանը համառոտ ներկայացրել է դիվանագիտական հարաբերությունների հաստատման պատմությունը, տարիների ընթացքում ձեռք բերված արդյունքները, մի շարք ոլորտներում կատարված ներդրումային ծրագրերը՝ նշելով նաև, որ 2022 թ․-ին լրանում է Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։

Հարավային Կովկասի համար Շվեյցարական համագործակցության 2022-2025 թվականների ծրագիրը վերահաստատել է Շվեյցարիայի շարունակական հանձնառությունը՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղ, ներառական և ուժեղ հասարակության ձևավորմանը։ Ծրագիրը նկարագրում է այն նպատակները, որոնց Շվեյցարիայի միջազգային համագործակցությունը ձգտում է հասնել Հարավային Կովկասում: Վերներ Թութը նշել է, որ Հայաստանում ծրագրի բյուջեն կկրկնապատկվի և հետագա չորս տարիների ընթացքում կկազմի ավելի քան 20 մլն շվեյցարական ֆրանկ (CHF)։

Այս ծրագրի շրջանակում համագործակցության առաջնահերթ ոլորտներն են՝
1) տարածաշրջանում քաղաքացիական ներգրավվածության և համագործակցության խթանումը,
2) ժողովրդավարության և հասարակական ինստիտուտների ամրապնդումը,
3) տնտեսական զարգացման բարելավումը և արժանապատիվ աշխատատեղերի ստեղծումը,
4) կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության բարձրացումը և ռեսուրսների կայուն կառավարումը:

Ծրագրում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև տարածաշրջանային համագործակցությանը։

Շվեյցարական համագործակցության ծրագրով նախատեսվում է ներդրումներ կատարել գրեթե բոլոր մարզերում՝ միտված աղքատության հաղթահարմանն ու բնակչության կարողությունների զարգացմանը։ Հարավային Կովկասի տարածաշրջանում Շվեյցարիայի կողմից ֆինանսավորվող բոլոր ծրագրերում աղքատության կրճատումը դիտարկվելու է որպես առանցքային պահանջ։ Մեծ ուշադրության կարժանանան նաև խնդիրներ՝ կապված միգրացիայի, գենդերային հավասարության, թվայնացման գործընթացի և լրատվամիջոցների հետ։ Այս բոլոր գործողությունները հիմնվելու են Հայաստանում Շվեյցարիայի ավելի քան 30 տարվա գործունեության վրա:

Վերոնշյալ ծրագրի ներկայացումից հետո մասնակիցներն անդրադարձել են մի շարք հարցերի՝ աղքատության վերացում, 2020 թ․-ին տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմից հետո պետության տնտեսության վերականգնում, գերիների վերադարձ, կլիմայական փոփոխություններ, կրթություն՝ հատկապես միջին մասնագիտական, համագործակցության շրջանակում իրականացված մշակութային ծրագրեր և այլն։ Վ․ Թութը հայտնել է, որ մինչ օրս շվեյցարական համագործակցության ծրագրի ջանքերով ՀՀ-ում իրականացվել են 73-ից ավելի մշակութային ծրագրեր։

Նա նշել է, որ Շվեյցարիան, լինելով Հայաստանում ներդրում կատարող գլխավոր 15 երկրներից մեկը, շարունակելու է իր առաքելությունը՝ ի նպաստ երկրի բարգավաճմանն ու ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը։