Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարդենիսում ձեր նշած ուժի ներկայացուցիչը դեռևս 2018-ից է անցնում քրգործով այսօրվա ընդդիմությանը շատ հատուկ՝ խոշոր չափով յուրացումների համար. Վահագն Ալեքսանյանը՝ Արթուր Խաչատրյանին

Վարդենիսում ձեր նշած ուժի ներկայացուցիչը դեռևս 2018-ից է անցնում քրգործով այսօրվա ընդդիմությանը շատ հատուկ՝ խոշոր չափով յուրացումների համար. Վահագն Ալեքսանյանը՝ Արթուր Խաչատրյանին
Քաղաքականություն
11:09, 10 декабрь 2021
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Ազգային ժողովի հերթական նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, հակադարձելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթին, հիշեցրեց, որ երեկ իրենց կուսակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանն էր խոսում ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի հավաքած թվերի մասին և ասում, թե կուսակցությունը գահավիժում է.  «Պարոն Խաչատրյան, երբ խոսում եք մեր թվերից, պետք է խոսեք նաև ձեր թվերից, որոնք 3.6 տոկոս են:

Համեմատեք դա նախորդ նախորդ խորհրդարանական ընտրություններում ձեր հավաքած 21 տոկոսի հետ և տեսեք այդքան բաղձալի թրենդը»:

Պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ռեպլիկին՝ Վահագն Ալեքսանյանն ասաց. «Պարոն Մինասյան, ստի մասով ես կարծում եմ՝ դուք կարող եք աշխարհի առաջնությանը մասնակցել ու գրանցել պատվավոր հորիզոնական»:

«Ես ուզում եմ ընդամենը փաստել, որ այս ՏԻՄ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է թվով ամենաշատը և ստացել համայնքային իշխանություններ ձևավորելու հնարավորություն ՏԻՄ բոլոր մարմիններում, երկրորդը «Հանրապետություն» կուսակցությունն է՝ թվով երկու համայնքում, Դաշնակցությունը չի հաղթել ոչ մի համայնքում»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է Վարդենիսի դեպքերին, պատգամավորը նկատեց, որ Արթուր Խաչատրյանի նշած ուժի ներկայացուցիչը 2018 թվականից դեռ անցնում է քրեական գործով՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի յուրացումների համար. «Ինչը շատ հատուկ է այսօրվա ընդդիմադիրներին»: