Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«3+2» հարթակը նպատակ ունի չեզոքացնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի հարթակը․ Ապրելու երկիր»

«3+2» հարթակը նպատակ ունի չեզոքացնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի հարթակը․ Ապրելու երկիր»
Քաղաքականություն
14:35, 10 декабрь 2021
30 տարի առաջ այս օրը Արցախի բնակչությունը հանրաքվեով ամրագրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակումը։ 

Չնայած բոլոր արհավիրքներին և փորձություններին՝ արցախցին այսօր էլ անկոտրում է՝ ապրելու իր հայրենիքում։ Արցախի անվտանգության, բնականոն զարգացման և բոլոր արցախցիների՝ իրենց հայրենիք վերադառնալու անհրաժեշտության ապահովումը պետք է դառնա առաջնային խնդիր ողջ հայ ժողովրդի համար։ Թեև Արցախի ինքնորոշման իրավունքը դեռևս չի ճանաչվում միջազգային հանրության կողմից, սակայն Հայաստանի Հանրապետությունը և հայությունը այդ ուղղությամբ չպետք է դադարի քայլեր կատարել՝ ուղղված Արցախի վերջնական կարգավիճակի միջազգայնորեն ամրագրմանը։ 

Այս ուղղությամբ անընդունելի են իշխանությունների կողմից արված այնպիսի հայտարարություններ, որոնք արժեզրկում են երեսուն տարվա դիվանագիտական ջանքերն ու համառ աշխատանքը կամ կարող են կանխորոշել ապագա բանակցությունների ընթացքն ու ելակետը՝ ի վնաս Հայաստանի և Արցախի։ Սույն թվականի դեկտեմբերի 8–ին Ազգային Ժողովում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված այն հայտարարությունը, որ «2016-ի դրությամբ բանակցային գործընթացում տեղի է ունեցել աղետ, և Ղարաբաղը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու գործնական և տեսական բոլոր հնարավորությունները», առաջին հայացքից՝ նախկին ղեկավարության և իշխանությունների վրա մեղքը բարդելու շարունակական տրամաբանության մեջ հնչեցված այս թեզը, ուղղակի հարված է Արցախի հիմնահարցի արդար, խաղաղ և երկարաժամկետ կարգավորման հեռանկարներին: Սա չափազանց վտանգավոր և պետության շահերին հարվածող թեզ է, քանի որ մեր հակառակորդներին, ինչպես նաև միջազգային գործընկներներին թյուր ազդակ է փոխանցում Արցախի վերջնական կարգավիճակի վերաբերյալ:

Դրան զուգահեռ, Նիկոլ Փաշինյանն իր խոսքում հաստատեց, որ պաշտոնական Երևանը համաձայնվել է «3+2» ձևաչափին, որի առաջին հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 10–ին Մոսկվայում՝ փոխարտգործնախարարների մակարդակով: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը մեր տարածաշրջանում՝ վստահ ենք, որ սույն հարթակը նպատակ ունի չեզոքացնելու և հետագայում փոխարինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը և հեղինակազրկելու Արցախի հիմնահարցի կարգավորման միջազգայնորեն ճանաչված այս հարթակը: Ակնհայտ են այս ձևաչափի վերաբերյալ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական նպատակները: Անկարան և Բաքուն համառորեն շարունակում են մեզ հետ խոսել նախապայմանների, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման լեզվով: Այս իրավիճակում նման ձևաչափի մեջ ներգրավվելը սխալ ազդակ է մեր միջազգային գործընկերներին՝ հավանական այլ ոտնձգությունների պարագայում նվազեցնելով հասցեական և զսպիչ գործողությունները թուրք–ադրբեջանական տանդեմի նկատմամբ: 

Այս համատեքստում հարկ ենք համարում հիշեցնել 1992թ․ հուլիսի 8-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից ընդունված և մինչև այժմ գործող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին» որոշումը, որտեղ ամրագրված է հետևյալը՝ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»: 

Այսօր էլ մեր հավաքական նպատակը կա և լինելու է Արցախի վերջնական կարգավիճակի՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի հիման վրա ինքնորոշման իրավունքի ամրագրումն ու դրա միջազգային ճանաչումը։ Արցախը երբեք չի կարող և չի լինելու Ադրբեջանի կազմում, և որևէ իշխանություն չի կարող արցախցու կամքը ստորադասել։

«Ապրելու երկիր» կուսակցություն