Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք որևէ պարագայում չենք գնա համագործակցության «Զարթոնք»-ի, ՀՀԿ-ի, «Ապրելու երկիր»-ի հետ. ՔՊ-ի և «Ազատական»-ի հետ գնում են բանակցություններ. Արման Բաբաջանյան. Տեսանյութ

Դեկտեմբերի 5-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ։ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը չորս համայնքներում՝ Արարատում, Արթիկում, Նոյեմբերյանում և Արաքսում, մասնակցել է այդ ընտրություններին։

Այս համայնքներում հնարավոր կոալիցիաներ կազմելու և տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ Civic.am-ը զրուցել է «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի հետ։ 

Նշենք, որ ընտրություններին մասնակցած ուժերը Արարատում ստացել են հետևյալ ձայները. ՔՊ՝ 37,5%, «Իմ հզոր համայնք»՝ 31.1%, «Հանուն Հանրապետության»՝ 13,4%, «Կայունություն»՝ 7,7%, «Ապրելու երկիր»՝ 6,7%։

Արթիկում ՔՊ-ն ստացել է 40,66% ձայն, «Իմ հզոր համայնք»-ը՝ 22,84%,  «Հանուն Հանրապետության»-ը՝ 13,42%, «Ազատական»-ը՝ 11,5%։
Նոյեմբերյանում ՔՊ-ն ստացել է 42% ձայն, «Ապրելու երկիր»-ը՝ 27,5%, «Հանուն Հանրապետության»-ը՝ 26,6%։ Արաքս համայնքում ՔՊ-ն ստացել է 36,1% ձայն, «Զարթոնք»-ը՝ 28,6%, «Հանուն Հանրապետության»-ը՝ 26.6%։

Արման Բաբաջանյանը նշեց, որ այս պահին ակտիվ շփումները շարունակվում են մասնակից կուսակցություններից ընդամենը մեկի հետ։
«Չորս համայնքներում էլ դիտարկում ենք համագործակցություն՝ ի շահ համայնքի, ի շահ այն նպատակների, որ մեզ ստիպեցին մասնակցել այս ընտրություններին և մեր կուսակցության նպատակները, գաղափարները ներկայացնել նաև համայնքային մակարդակներում և, իհարկե, ցույց տալով նաև մեր սկզբունքային դիրքորոշումը՝ համագործակցության անհնարինության շուրջ այն ուժերի հետ, որոնք, մեր պատկերացմամբ,  առհասարակ ներկայացնում են նախկին քրեաօլիգարխիկ համակարգի առանձին շրջանակներ, իսկ մեծ հաշվով սպասարկում են նրանց ռևանշի նպատակը։ Հետևաբար համագործակցություն, որպես այդպիսին, դիտարկում ենք այն ուժերի հետ, որոնք որևէ աղերս և կապ չունեն այդ օդիոզ դեմքերի, մեզ համար կարմիր գիծ հռչակված կուսակցությունների և դաշինքների հետ»,- ասաց Արման Բաբաջանյանը։

Նա նշեց, որ որևէ պարագայում  իրենք չեն գնա համագործակցության «Զարթոնք», ՀՀԿ, «Ապրելու երկիր» կուսակցությունների հետ։ Արման Բաբաջանյանի խոսքով՝ դրանք այն կուսակցություններն են, որոնք, ի շարս այլ ուժերի, ներկայացված են, և նրանց ձայներից, ինչպես և իրենց ձայներից կախված է համայնքի հետագա կառավարման ճակատագիրը։ 

Առավել մասնավորեցնելով՝ Արման Բաբաջանյանն ասաց, որ հնարավոր համագործակցություն ունենալու վերաբերյալ այս պահին  քննարկումներ են գնում «Քաղաքացիական պայմանագիր» և «Ազատական» կուսակցությունների հետ, և պետք է ունենան բանակցությունների երկրորդ փուլ։

Լիլիթ Թադևոսյան

Մանրամասները՝ տեսանյութում։