Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վլադիմիր Պուտինը հիշեցրել է՝ ԵԱՏՄ երկրներում պատվաստանյութ արտադրելը Նիկոլ Փաշինյանի գաղափարն է

ԵԱՏՄ անդամ 5 երկրի և, միաժամանակ, դիտորդ պետությունների՝ Ուզբեկստանի և Կուբայի ղեկավարները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ու բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահները տեսակոնֆերանսով ամփոփել են 2021-ի աշխատանքները, քննարկել 5-ամյա զարգացման ռազմավարական ուղղությունների՝ առաջին տարվա արդյունքները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր ելույթում առանձնացրել է Եվրասիական ինտեգրացիայի զարգացման կարևոր ասպեկտն ու գործակցության հիմնական չափանիշը՝ Միության ներքին շուկայի զարգացումը. գրում է 1lurer.am-ը:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Հենց ներքին շուկայի՝ առանց խոչընդոտների, սահմանափակումների և բացառումների գործունեության ապահովումն է, որ հզոր խթան կհանդիսանա մեր պետությունների տնտեսական և արդյունաբերական աճի, մրցունակության բարձրացման, բիզնեսի ակտիվացման, լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման և գործազրկության կրճատման համար։ Ինտեգրացիոն գործընթացների ակտիվացումն ու խորացումը կնպաստի Միության երկրների տնտեսությունների կառուցվածքային վերափոխումներին, դրանց արդիականացմանն ու դիվերսիֆիկացմանը, ինչը չափազանց կարևոր է հումքի համաշխարհային գների տատանումների և համաշխարհային ճգնաժամային երևույթների սրման համատեքստում։

Զարգացող երկրների արտահանման դիվերսիֆիկացման համար նոր խթան կարող է լինել ծառայությունների առևտուրը՝ ընդգծել է վարչապետ Փաշինյանը և կարևորել ԵԱՏՄ-ի շրջանակներում առևտրային գործարքների համար ազգային արժույթների մասնաբաժինը հաշվարկներում ավելացնելու հարցը: Փաշինյանը խոսել է նաև Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի լիաֆորմատ համաձայնագրի շուտափույթ կնքման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով արդեն եղած ներուժը:

Նիկոլ Փաշինյան - Տարիների ընթացքում մենք մշակել ենք երրորդ երկրների հետ փոխգործակցության տարբեր ձևաչափեր։ Այս խնդիրների լուծումն ամփոփված է ԵԱՏՄ-ի՝ 2022 թվականի միջազգային գործունեության հիմնական ուղղություններում, որտեղ ամրագրված են հաջորդ տարվա համար Միության միջազգային գործունեության հիմնական վեկտորներն ու գործնական առաջնահերթությունները՝ պոտենցիալ հեռանկարային ոլորտների շեշտադրմամբ:

Միաժամանակ, զարգացման տեմպերի կարևոր ազդակներից է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում կոնկրետ նախագծերի իրականացումը՝ ընդգծել է վարչապետ Փաշինյանը, և գործընկերներին հիշեցրել տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի ունեցած ներուժի մասին, ինչը կարող է պահանջված լինել ԵԱՏՄ տարածքում թվային տեխնոլոգիաների ոլորտում «մեգանախագծեր» ձևավորելիս:

Նիկոլ Փաշինյան - Բնականաբար, թվային օրակարգի իրականացումն ինքնանպատակ չէ։ Այն պետք է ուղղված լինի արդյունքների հասնելուն: Հենց այս համատեքստում ենք դիտարկում բեռնափոխադրումներին հետևելու համար ԵԱՏՄ-ում նավիգացիոն կնիքների օգտագործման հարցը։ Սա լուրջ հավելում կդառնա թվային վերափոխման գործընթացում, ինչպես նաև էապես կհեշտացնի բեռնափոխադրումների վերահսկման գործընթացն ինչպես ԵԱՏՄ-ի ներսում, այնպես էլ ԵԱՏՄ անդամ-երկրների տարածքով տարանցիկ փոխադրումների ընթացքում։

Քովիդի դեմ պայքարը խթանել է միության անդամ երկրների գործակցությունը դեղագործության և բժշկության ոլորտում՝ ելույթում նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հիշեցրել հանդիպման մասնակիցներին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ռուսական պատվաստանյութերի արտադրությունը միության երկրներում տեղայնացնելու գաղափարը։

Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) - Ես հիշում եմ` ինչպես Հայաստանի վարչապետը նախաձեռնեց այս ուղղությամբ մեր համատեղ աշխատանքի ընդլայնումը և նույնիսկ մի ամբողջ ծրագիր առաջարկեց։ Փաստորեն, մենք հիմա հենց դա էլ իրականացնում ենք: ԵԱՏՄ պետությունների մեծ մասում հաջողությամբ իրականացվում է ռուսական պատվաստանյութերի արտադրությունը։ Այսպիսով՝ ԵԱՏՄ մեր գործընկերները կարողացել են սեփական արտադրության բարձր արդյունավետության դեղամիջոցով արագացնել բնակչության պատվաստման տեմպերը։ Դրա շնորհիվ եվրասիական ողջ տարածքում կոլեկտիվ իմունիտետը բարձրանում է։ Իսկ դա կարևոր պայման է միության տարածքում քաղաքացիների ազատ տեղաշարժը վերականգնելու համար:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ևս ելույթ է ունեցել և խոսել Ադրբեջանին Եվրասիական տնտեսական միություն դիտորդի կարգավիճակ տրամադրելու հնարավորության մասին՝ բերելով Ուզբեկստանի օրինակը:
Խորհրդի նիստում ղեկավարներն անդրադարձել են նաև ԵԱՏՄ 2022 թվականի բյուջեի նախագծին: