Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմությունը մինչ այս պահը չի պատասխանել, թե իրե՛նք ինչ կանեին պատերազմից խուսափելու համար. Էդուարդ Աղաջանյան

Ընդդիմությունը մինչ այս պահը չի պատասխանել, թե իրե՛նք ինչ կանեին պատերազմից խուսափելու համար. Էդուարդ Աղաջանյան
Քաղաքականություն
12:07, 13 декабрь 2021
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, այսօր՝ դեկտեմբերի 13-ին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հղում անելով ԱԺ-Կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե 2018 թվականի դրությամբ ստացած բանակցային  ժառանգային պայմաններում Արցախը Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ ունենալու որևէ գործնական և տեսական հնարավորություն չկար, և որ պատերազմից խուսափելու միակ հնարավորությունը տարածքների վերադարձն էր՝ առանց կարգավիճակի ճշգրտման, ասաց. «Վարչապետն առաջարկեց ընդդիմությանը հստակ պատասխանել, թե իրենք կոնկրետ ինչ քայլեր կձեռնարկեին այդ իրավիճակում պատերազմից խուսափելու համար: Ես կուզեմ արձանագրել, որ մինչ այս պահը մենք պատասխան չունենք»:

Էդուարդ Աղջանյանի խոսքով՝ ուստի այս թեմայի վերաբերյալ բոլոր պնդումներն ու հարցադրումները բացարձակապես այլ նպատակներ ունեն. «Մասնավորապես, կարևորագույն նպատակը հանրությանը մոլորության մեջ գցելն է»:

Նա նաև հավելեց, որ վարչապետն առաջարկել է փակ ձևաչափով հանդիպում ունենալ ընդդիմադիր գործընկերների հետ. «Ըստ էության Արծվիկ Մինասյանի այն հարցը, թե հրապարակային քննարկենք այս հարցը, փակ քննարկումից խուսափում է, որովհետև պարզ է, որ այդ տեղեկատվությունը պարունակելու է գաղտնի տեղեկատվություն: Հենց դրանով է պայմանավորված, որ բաց և հանրային քննարկումը մշտապես դրվում է մեր ընդդիմադիր գործընկերների կողմից: Գաղտնի տեղեկատվություն պարունակող քննարկումը բաց անելու հնարավորություն մենք չունենք՝ ըստ օրենքի»: