Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոբերտ Քոչարյանի հետ քննարկել ենք Ալեն Սիմոնյանի հրաժարականի հարցը․ Արծվիկ Մինասյան

Ռոբերտ Քոչարյանի հետ քննարկել ենք Ալեն Սիմոնյանի հրաժարականի հարցը․ Արծվիկ Մինասյան
Քաղաքականություն
12:15, 13 декабрь 2021
Այսօր ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ լրագրողները պատգամավոր Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեցին՝ թե «Հայաստան» դաշինքը քննարկե՞լ է Ռոբերտ Քոչարյանի հետ Ալեն Սիմոնյանի հրաժարականի հարցը, և ո՞վ է լինելու Ալեն Սիմոնյանի հավանական հրաժարականից հետո իրենց ԱԺ նախագահի թեկնածուն։

«Եթե ԱԺ մեծամասնությունն իրենք են հետևաբար այս առաջարկը կրում է իրավաքաղաքական գնահատականի բնույթ»,-ասաց Արծվիկ Մինասյանն ու հավելեց, որ իրենց համոզմամբ Ալեն Սիմոնյանը չի կարող իրականացնել ԱԺ նախագահի պարտականությունները․ «Ինչպես ցանկացած կարևորագույն հարց քննարկման առարկա է դառնում դաշինքում։ Ի վերջո «Հայաստան» խմբակցությունը, որը հիմնված է երեք քաղաքական թիմերի մասնակցությամբ՝ ՀՅԴ, «Վերածնվող Հայաստան» և ՀՀ երկրորդ նախագահի քաղաքական թիմից, բնականաբար այս բոլոր թիմերում քննարկումներ իրականացվում են, ինչպես առանձին այնպես էլ համատեղ։ Մեր թեկնածուն մենք կընտրենք մեր միջից։ Ասեմ ավելին՝ այս հարցը քննարկվել է նաև «Պատիվ ունեմ» խմբակցության հետ, և ես կարծում եմ իրենք էլ առաջիկայում հայտարարությամբ հանդես կգան»։ 

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ օգոստոսի 2-ին, երբ տեղի էր ունենում ԱԺ նախագահի ընտրություններ՝ իրենք առաջադրել էին իրենց երկու գործընկերեների՝ Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի թեկնածությունները և այն ժամանակ ասացին, որ այն ինչ կատարվում է ԱԺ-ում առանց իրենց երկու գործընկերների մասնակցությամբ ապօրինի է․ «Եվ հիմա մենք ստացել ենք ՍԴ դեկտեմբերի 7-ի որոշումը, որով արձանագրվեց, որ մեր երեք գործընկերները՝ Արմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը ապօրինաբար են հայտնվել կալանավայրերում։ Այս ընթացքը ցույց տվեց, որ մենք գործ ունենք ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի հետ, որը միջազգային հարթության մեջ անում է հայտարարություններ, որոնք ռիսկեր են բերում մեր արտաքին քաղաքականության համար։ Երկրորդ՝ Ալեն Սիմոնյանը կատարում է հայտարարություններ՝ գերիների, անհետ կորածների, բռնի անհետացած անձանց այն հայրենակիցների մասին, որոնց նախ և առաջ պետության պարտականությունն է հայրենիք վերադարձնելը։ Չի բացառվում, որ այս հայտարարությունը  կազմակերպված բնույթ է կրում ամենաբարձր ղեկավարության կողմից։ Եվ փաստացի երկրի երկրորդ դեմքը հանդիսացող անձի կողմից նման հայտարարությունը առնվազն մեր երկիրը թուլացնելուն ուղղված գործողություն է»,-նշեց պատգամավորն ու հավելեց, որ այս ընթացքում հասարակությունը տեսել է՝ ԱԺ-ում նիստերի ժամանակ ինչպիսի ապօրինի՝ լարվածություն ստեղծող, պատգամավորների նկատմամբ բռնություններ գործադրելու հրահանգ տվող անձի հետ գործ ունեն։