Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե 5-օրյա ժամկետում ընդդիմադիրները հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու չառաջադրեն, այդ հարցը օրենքով կարող է որոշել իշխանությունը․ Անդրանիկ Քոչարյան

Եթե 5-օրյա ժամկետում ընդդիմադիրները հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու չառաջադրեն, այդ հարցը օրենքով կարող է որոշել իշխանությունը․ Անդրանիկ Քոչարյան
Քաղաքականություն
11:43, 14 декабрь 2021
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ անցյալ շաբաթ «Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու չի առաջադրել, և ըստ կանոնակարգ սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի՝ տվյալ իրավասությունն անցնում է արդեն ամենամեծ գործակից ունեցող քաղաքական ուժին, այսինքն՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը: «Այնպես որ, մենք արդեն գտնվում ենք իրավակարգավորման այլ դրույթի տիրույթում և պետք է շարժվենք ըստ այդ դրույթի, այն է՝ արդեն իշխող խմբակցությունը իրավասու է իր կողմից թեկնածու առաջադրել»,- հավելեց Անդրանիկ Քոչարյանը:

Վերջինս նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիրը» այսօր թեկնածու չի առաջադրել. «Դա խոսում է այն մասին, որ իշխող խմբակցությունը ցանկություն չունի ընդդիմությանը հասանելիք թափուր պաշտոնը անմիջապես վերցնել: Ակնկալում ենք, որ այս մեկ շաբաթվա ընթացքում «Հայաստան» խմբակցությունը կփորձի «Պատիվ ունեմ»-ի հետ կոնսենսուսի հասնել իշխող խմբակցության հետ, և կներկայացնեն մեզ հնարավոր տարբերակներ: Հակառակ դեպքում կանոնակարգ օրենքը տալիս է հստակ իրավասություններ, այն է՝ իշխող խմբակցությունն արդեն ինքն է որոշելու, թե ով կարող է լինել հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածուն»:

Նա հույս հայտնեց, որ հնգօրյա ժամկետում, ինչպես պահանջում է կանոնակարգ օրենքը, կգտնվի կոնսենսուս այդ խնդրի լուծման համար. «Եթե կոնսենսուս չլինի, ապա կգտնվի այլ լուծում, որը արդեն օրենքի պարտադրանքն է»:

Քանի որ այսօր թեկնածու չկար, նիստը համարվեց փակված: