Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր երեկոյան Փաշինյանն ու Ալիևը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ Շառլ Միշելի միջնորդությամբ

Այսօր երեկոյան Փաշինյանն ու Ալիևը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ Շառլ Միշելի միջնորդությամբ
Քաղաքականություն
15:33, 14 декабрь 2021
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Արևելյան գործընկերության գագաթնաժողովից առաջ տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով  արդեն մեկնել է Բրյուսել։

Եվրոպական խորհրդի ղեկավարը Բրյուսելում նախ երկկողմ հանդիպում կունենա Հայաստանի վարչապետի, ապա Ադրբեջանի նախագահի հետ, ինչից հետո՝ այսօր երեկոյան, Փաշինյանն ու Ալիևը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ Շառլ Միշելի միջնորդությամբ։

Բանակցությունները կոչված են հեշտացնելու անմիջական շփումները և բարելավելու հարաբերությունները Երևանի և Բաքվի միջև:  Ակնկալվում է, որ եռակողմ հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվելու։

Եվրոպացի դիվանագետն ասել է, որ առաջիկա հանդիպումների նպատակն է օգնել այդ երկու երկրներին ուղիղ երկխոսություն հաստատել և բարելավել հարաբերությունները։

«Մենք ջանասիրաբար աշխատում ենք Հայաստանի և Ադրբեջանի հետ, որպեսզի նրանց միջև բարձրացնենք վստահության մակարդակը՝ հիմնվելով երկու երկրների պաշտպանության նախարարների միջև հաջողությամբ հաստատված ուղիղ շփման վրա, որը ստեղծվել է մի քանի շաբաթ առաջ»,- ասել է նա։