Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հնարավոր չի՝ «Հայքի» թեկնածուն որևէ ճնշման ենթարկվի, ինքն էդ տեսակը չի․ էդ լուրերը համարում եմ հերյուրանք․ Տավրոս Սափեյանը՝ Կարեն Գրիգորյանի մասին

Հնարավոր չի՝ «Հայքի» թեկնածուն որևէ ճնշման ենթարկվի, ինքն էդ տեսակը չի․ էդ լուրերը համարում եմ հերյուրանք․ Տավրոս Սափեյանը՝ Կարեն Գրիգորյանի մասին
Քաղաքականություն
16:00, 14 декабрь 2021
Թալին խոշորացված համայնքում առաջադրված «Հայք» լիբերալ կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Կարեն Գրիգորյանը հայտարարել է, որ որոշում են կայացրել հրաժարվել մանդատներից, և թեկնածուները կներկայացնեն ինքնաբացարկի դիմումներ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին ՀՀ մի շարք համայնքներում, այդ թվում՝ Թալինում, տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ։

Թալինում  ընտրություններին մասնակցել է 4 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, որը ստացել էր 5037 ձայն, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, որը ստացել էր 2882 ձայն, «Հայք» լիբերալ կուսակցությունը, որը ստացել էր 1624 ձայն, և «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը, որը ստացել էր 1285 ձայն։

Ընտրություններից հետո հայտարարվել էր, որ բացի ՔՊ-ից, վերոնշյալ երեք կուսակցությունները կոալիցիա կկազմեն, սակայն Կարեն Գրիգորյանի հայտարարությունից հետո իրավիճակը փոխվեց։ Նշենք, որ ՔՊ-ի նախընտրական ցուցակը գլխավորում է Թալինի համայնքապետի ԺՊ Տավրոս Սափեյանը, որն էլ որպես առավելագույն ձայներ ստացած ուժի ներկայացուցիչ կդառնա համայնքի ղեկավար։
Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է Տավրոս Սափեյանի հետ։

Նա նշեց, որ «Հայքը», տեսնելով, որ վիճակը լարվում է, իրենց կուսակցությունով ճիշտ որոշում կայացրին։

«Ես էլ սկզբում հայտարարեցի, որ պատրաստ եմ համագործակցել բոլոր ուժերի հետ։ Իսկ այս լարված իրավիճակում ես անձամբ հանդիպել եմ Կարենին, զրուցել ենք, որ պետք է այս լարվածությունը թոթափել, և իրենք որոշեցին, որ պետք է ինքնաբացարկ հայտնեն»,- ասաց Տավրոս Սափեյանը։

Նա տեղեկացրեց, որ ավագանու առաջին նիստը նշանակված է դեկտեմբերի 17-ին։

Նշենք, որ մամուլում լուրեր էին պտտվում, թե Կարեն Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնելուն դրդել է ինչ-որ քրեական հեղինակություն, և Տավրոս Սափեյանից հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է արդյոք նման բան։ Ի պատասխան Տավրոս Սափեյանն ասաց. «Հնարավոր չի նման բան, Կարենը լավ անձնավորություն է, իր հայրենիքի, իր  համայնքի մասին մտածող մարդ է, և հնարավոր չի, որ որևէ ճնշման ենթարկվի, ինքն այդ տեսակը չի։ Ես այդ լուրերը համարում եմ հերյուրանք»։   

Լիլիթ Թադևոսյան