Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մինսկի խմբի համանախագահները, ինչպես մեր մի շարք միջազգային գործընկերներ, ասում են, որ Ղարաբաղի հիմնահարցը լուծված չէ․ Արա Այվազյան

Մինսկի խմբի համանախագահները, ինչպես մեր մի շարք միջազգային գործընկերներ, ասում են, որ Ղարաբաղի հիմնահարցը լուծված չէ․ Արա Այվազյան
Քաղաքականություն
18:06, 14 декабрь 2021
Արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Արցախի հիմնախնդրի շուրջ բանակցությունները վերսկսելու հարցին։

«Եթե հետևել եք Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին՝ սկսած անցած տարվա դեկտեմբերից, անշուշտ, դուք տեսնում եք, որ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես մեր մի շարք միջազգային գործընկերներ, ասում են, որ Ղարաբաղի հիմնահարցը լուծված չէ՝ ի տարբերություն պաշտոնական Բաքվի և Անկարայի կողմից հնչեցվող հայտարարությունների։ Ես հետևում եմ, որ այսօր Մինսկի խմբի համանախագահները նախ և առաջ շեշտը դնում են հումանիտար հարցերի լուծմանը։ Եվ այս վերջին հայտարարության մեջ նաև նոր էլեմենտ ի հայտ եկավ՝ դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցը։ Եվ վերջին մասում է հիշատակվում Ղարաբաղի հիմնահարցի լուծման մասին՝ հայտնի սկզբունքների ու տարրերի հիման վրա։

Վստահ եմ, որ մեր դիվանագիտությունը կշարունակի իր կոնստրուկտիվ ներգրավվածությունը, և ինչ-որ պահի համանախագահները կկարողանան այցելել տարածաշրջան»,- ասաց նա։

Ըստ Այվազյանի՝ այսօր նաև համանախագահները խնդիր ունեն ապացուցելու իրենց կենսունակությունը՝ ոչ միայն հայտարարությունների միջոցով։ Նախ և առաջ նրանք պետք է այցելեն տարածաշրջան։

Անդրադառնալով Ռուաստանի դիրքորոշմանն այս հարցում, Արա Այվազյանն ասաց․ «Պաշտոնական Ռուսաստանը միշտ ասել է, որ Մինսկի խմբի համանախագահների ֆորմատն է, որ զբաղվում է հակամարտության վերջնական հարգավորման հարցով։ Եվ նաև նշում է, որ զուգահեռ պետք է ստեղծել տարածաշրջանային մթնոլորտ, որը կնվազեցնի ապակայունացնող միտումները։ Հուսով եմ, որ այդպես էլ կլինի»։