Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Հռոմի պապի՝ Քրդստանի քարտեզով սկանդալային նամականիշին

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Հռոմի պապի՝ Քրդստանի քարտեզով սկանդալային նամականիշին
Քաղաքականություն
22:24, 10 март 2021
Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Հռոմի պապի՝ Իրաք կատարած պատմական այցի ընթացքում Իրաքյան Քրդստանի ղեկավարության կողմից պապին նվիրած նամականիշի վրա զետեղված Քրդստանի քարտեզը. գրում է ermenihaber-ը:

Քարտեզում Թուրքիայի արևելյան նահանգներից շատերն ընդգրկված են Քրդստանի կազմում։

Արտաքին գործերի նախարարությունն այս քայլը բնութագրել է որպես շատ կոպիտ սխալ։

Տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«Հռոմի Ֆրանցիսկոս պապի Իրաք կատարած այցի առթիվ Իրաքյան Քրդստանի իշխանությունների կողմից, ի նշանավորումն պապի այցելության թողարկվելիք նամականիշների մեջ մեր երկրի որոշ նահանգներն ընդգրկող քարտեզ է պատկերված։ Իրաքյան Քրդստանի համապատասխան պետական մարմիններից ակնկալում ենք այս կոպիտ սխալի ուղղում և անմիջապես խնդրի պարզաբանում»։  

Հիշեցնենք, որ Մարտի 5-ին մեկնարկել էր Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավար Ֆրանցիսկոս Պապի հովվապետական այցն Իրաք։ Պապը եղել է Էրբիլում և հանդիպում ունեցել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավարության հետ:

Հռոմի պապի այցելության առթիվ թողարկված նամականիշի վրա պատկերված է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, իսկ գլխավերևում՝ «Մեծ Քրդստան» աշխարհաքաղաքական նախագծի քարտեզներից մեկը:

Հիշյալ քարտեզում ընդգրկված են ներկայիս Թուրքիայի Հանրապետության հարավային ու հարավ-արևելյան նահանգները, որոնց զգալի մասը պատմական Հայաստանի տարածքներն են:  Նամականիշի վրա պատկերված են Հաթայը, Շանլըուրֆան, Մարդինը, Հաքքարին, Քահրամանմարաշը, Սիվասը (Սեբաստիա), Մալաթիան, Դիարբեքիրը, Մուշը, Վանը, Էրզրումը, Էրզինջանը (Երզնկա), Կարսը, Աղրըն և այլ նահանգներ: