Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փաշինյանը վաղը կհանդիպի ավագանու «Իմ քայլը» խմբակցության հետ. օրակարգում Մարությանի պաշտոնանկության հարցն է

Փաշինյանը վաղը կհանդիպի ավագանու «Իմ քայլը» խմբակցության  հետ. օրակարգում Մարությանի պաշտոնանկության հարցն է
Քաղաքականություն
22:53, 15 декабрь 2021
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել, և պահանջվող 33 ստորագրության փոխարեն արդեն հավաքվել է ավագանու անդամների 39 ստորագրություն:

Civic.am-ի տեղեկություններով՝ վաղը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունենալու ավագանու «Իմ քայլը» խմբակցության հետ, քանի որ հեղափոխական իշխանության քաղաքապետ Հայկ Մարությանն այլևս չի վայելում իշխանության վստահությունը: Հայկ Մարությանը մեղադրվում է «քաղաքական դավաճանության»՝ քոչարյանական ընդդիմության հետ «խաղեր տալու» և իշխանության պատասխանատվության բեռը չկիսելու համար:

Մասնավորապես՝ Մարությանը որոշակի ազդեցության ներքո պատերազմից հետո, Փաշինյանի իշխանության համար ծանրագույն ժամանակներում, լքել է իշխանական կուսակցությունը՝ փորձելով խուսափել պատասխանատվությունից, անգամ ԶՈՒ գլխավոր շտաբի հայտնի իրադարձությունների ժամանակ փորձ է արել միանալ Փաշինյանի հրաժարականի պահանջին, սակայն զսպվել է, նաև՝ խորհրդարանի ընտրությունների ժամանակ Փաշինյանին չի սատարել և, որոշ տեղեկություներով, «խաղեր է տվել և տալիս քոչարյանականների հետ»՝ դառնալով անվստահելի ֆիգուր:  

Բացի դա, նաև իշխանության համար քաղաքապետարանում որոշակի մութ գործարքներ կան: Մասնավորապես, Մարությանի մերձավորը, որը քաղաքապետարանում պաշտոն է զբաղեցրել, մոտ մեկ տարի առաջ փախել է Ամերիկա, քանի որ նրան ձերբակալություն էր սպառնում:

Թե ով է իշխող ուժի նոր քաղաքապետի թեկնածուն, դեռ պարզ չէ: Ավագանու իշխող խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը, որի անունը շրջանառվում էր քաղաքապետի թեկնածուների շարքում, արդեն հայտարարել է, որ դա ինքը չէ: