Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետ Փաշինյանը մասնակցել է Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովին

Վարչապետ Փաշինյանը մասնակցել է Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովին
Քաղաքականություն
23:04, 15 декабрь 2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում` Եվրոպական խորհրդում, մասնակցել է Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովին:


Միջոցառմանը մասնակցել են ԱԼԳ մասնակից պետությունների` Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Ադրբեջանի առաջնորդները, ինչպես նաև Եվրոպական միության անդամ երկրների ղեկավարները:


Մինչ լիագումար նիստի մեկնարկը տեղի է ունեցել ԱԼԳ մասնակից երկրների առաջնորդների տեսալուսանկարահանման արարողությունը` Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Եվրոպական միության հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԵՄ-ում նախագահող Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշայի հետ:


Լիագումար նիստի սկզբում ողջույնի խոսքով գագաթնաժողովի մասնակիցներին դիմել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, այնուհետև ելույթներով են հանդես եկել ԱԼԳ մասնակից երկրների, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների ղեկավարները:


Վարչապետ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է Արևելյան գործընկերության շրջանակում Եվրոպական միության հետ համագործակցությանը, մեր երկրում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին և ժողովրդավարության ամրապնդման քայլերին, փոքր և միջին բիզնեսի, ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին:


ԱԼԳ 6-րդ գագաթնաժողովը կենտրոնանում է առանցքային հինգ ոլորտների՝ տնտեսության, կառավարման, շրջակա միջավայրի, թվայնացման և հասարակությունների ուղղությամբ աջակցության վրա։