Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագծին

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագծին
Քաղաքականություն
16:36, 16 декабрь 2021
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելուն։ 

Խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը, Civic.am-ին ասաց, որ իրենք չեն միանում «Իմ քայլի» նախաձեռնությանը, այլ այս օրակարգը համընկնում է իրենց օրակարգի հետ, որն իրենք ունեին դեռևս 2019 թվականից։ «Սկսած կամազների թեմայից, վերջացրած՝ պարոն Ծառուկյանի հրավիրած ներդրողների թեմաները, դա մեր հիմնավորումն է և մենք առաջնորդվում ենք դրանով։ Խոսքը այն մասին է, որ շեյխերի հետ ցանկություն կար Երևանում անվճար հիվանդանոց կառուցել, նաև պարոն Ծառուկյանը, ինչպես Աբովյանում էր երիտասարդների համար սոցիալական նպատակներով բնակարան կառուցում, ցանկություն կար նույնն անել Երևանում և դիմել էր քաղաքապետարան՝ կոնկրետ հողի հատկացման համար։ Քաղաքապետարանից նշել էին, որ հող չունեն, բայց այդ հողը 4-5 ամսից աճուրդով վաճառել էին։ Այս հիմնավորումներն են եղել, որ 2019 թվականից խմբակցության անդամները այս հարցին անդրադարձել են։
Ուղղակի հիմա կա գործընթաց, կա նախագիծ, որը համընկնում է մեր օրակարգի հետ», - ասաց Մանրիկյանը։ 

Մանրիկյանն ասաց նաև, որ իրենց խմբակցությունը միահամուռ է, տարաձայնություններ չկան և խմբակցությունը ողջ թիմով կողմ է քվեարկելու Մարությանին անվստահություն հայտնելու նախագծին։

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ունի հինգ անդամ։ «Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանը ևս հայտնել էր, որ միանալու է նախագծին։

Հիշեցնենք նաև, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։

Քվեարկությունը անցկացվելու է փակ, գաղտնի ձևով։ 

Վովա Հակոբյան