Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը

«Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը
Քաղաքականություն
16:50, 16 декабрь 2021
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը։

Շրջանառության մեջ դրված նախագծում գրված է, որ «Իմ քայլը» խմբակցությունը անվստահություն է հայտնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և միաժամանակ քաղաքապետի թեկնածու առաջադրում Հրաչյա Սարգսյանին, որն այժմ քաղաքապետի առաջին տեղակալն է։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։

Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի, քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծը ներկայացնելուց հետո` երրորդ աշխատանքային օրը հրավիրվում է ավագանու նիստ, որում գաղտնի քվեարկությամբ որոշվում է քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը:

Նշենք, որ նույն օրենքի 40-րդ հոդվածի համաձայն՝ ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է ներկայացնել քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ: Որոշման նախագիծը ներառում է ավագանու այն անդամի անուն-ազգանունը, որին նախաձեռնող խումբն առաջադրում է որպես քաղաքապետի թեկնածու, ինչպես նաև այն պետք է ստորագրեն նախաձեռնող խմբի բոլոր անդամները:

Քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագիծը հանձնվում է քաղաքապետին, ինչպես նաև ավագանու խմբակցություններին: Ավագանու խմբակցություններն այդ մասին անհապաղ տեղեկացնում են իրենց խմբակցությունների անդամներին:

Քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացվելուց հետո` 36 ժամվա ընթացքում, նախաձեռնող խմբի մեջ չմտնող ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է ևս ներկայացնել քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագիծ` առաջադրելով քաղաքապետի այլ թեկնածու:

Քվեարկությունն անցկացվում է գաղտնի` քվեաթերթիկների միջոցով, որում ընդգրկվում է քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագծով առաջադրված թեկնածուն, իսկ եթե այդպիսի նախագծերը երկուսն են, ապա երկու թեկնածուները: Ավագանու յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:

Քաղաքապետին անվստահություն է հայտնվում, եթե առաջադրված թեկնածուն (թեկնածուներից մեկը) ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:

Գործող քաղաքապետը վայր է դնում իր լիազորությունները, իսկ նորընտիր քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է մեկշաբաթյա ժամկետում։