Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը մուտք է արվել քաղաքապետարան

Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը մուտք է արվել քաղաքապետարան
Քաղաքականություն
17:14, 17 декабрь 2021
Civic.am-ը տեղեկացավ, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին  անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծն արդեն մուտք է արվել քաղաքապետարան, և այն կքննարկվի ավագանու առաջիկա նիստում։ 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին նախագիծը։

Շրջանառության մեջ դրված նախագծում գրված է, որ «Իմ քայլը» խմբակցությունը անվստահություն է հայտնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և միաժամանակ քաղաքապետի թեկնածու է առաջադրում Հրաչյա Սարգսյանին, որն այժմ քաղաքապետի առաջին տեղակալն է։

Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի՝ քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծը ներկայացնելուց հետո երրորդ աշխատանքային օրը հրավիրվում է ավագանու նիստ, որում գաղտնի քվեարկությամբ որոշվում է քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը:

Նշենք, որ նույն օրենքի 40-րդ հոդվածի համաձայն՝ ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է ներկայացնել քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ: Որոշման նախագիծը ներառում է ավագանու այն անդամի անուն-ազգանունը, որին նախաձեռնող խումբն առաջադրում է որպես քաղաքապետի թեկնածու, ինչպես նաև այն պետք է ստորագրեն նախաձեռնող խմբի բոլոր անդամները:

Քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագիծը հանձնվում է քաղաքապետին, ինչպես նաև ավագանու խմբակցություններին: Ավագանու խմբակցություններն այդ մասին անհապաղ տեղեկացնում են իրենց խմբակցությունների անդամներին:

Քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացվելուց հետո՝ 36 ժամվա ընթացքում, նախաձեռնող խմբի մեջ չմտնող ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է ևս ներկայացնել քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագիծ՝ առաջադրելով քաղաքապետի այլ թեկնածու:  

Քվեարկությունն անցկացվում է գաղտնի՝ քվեաթերթիկների միջոցով, որում ընդգրկվում է քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագծով առաջադրված թեկնածուն, իսկ եթե այդպիսի նախագծերը երկուսն են, ապա երկու թեկնածուները: Ավագանու յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:

Քաղաքապետին անվստահություն է հայտնվում, եթե առաջադրված թեկնածուն (թեկնածուներից մեկը) ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:

Գործող քաղաքապետը վայր է դնում իր լիազորությունները, իսկ նորընտիր քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է մեկշաբաթյա ժամկետում։