Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամասիայում ավագանու 2/3-ը չի ձևավորվում, ՔՊ-ն կդիմի դատարան՝ նոր ընտրություններ անցկացնելու պահանջով. Մերգել Ղարիբյան

Ամասիայում ավագանու 2/3-ը չի ձևավորվում, ՔՊ-ն կդիմի դատարան՝ նոր ընտրություններ անցկացնելու պահանջով. Մերգել Ղարիբյան
Քաղաքականություն
12:17, 20 декабрь 2021
Շիրակի մարզի Ամասիա համայնքում ՏԻՄ ընտրություններին ամենաշատ ձայներ հավաքած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կդիմի դատարան՝ ընտրությունները չկայացած ճանաչելու պահանջով։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրեց ավագանու ընտրություններին ՔՊ ցուցակը գլխավորած, Արփի համայնքի ղեկավար Մերգել Ղարիբյանը։  

Նշենք, որ Ամասիա համայնքում դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցել էին 3 քաղաքական ուժեր։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել էր 1217 ձայն, «Ամասիա-Արփի» կուսակցությունների դաշինքը՝ 1199 ձայն, իսկ ՀՀԿ-ն՝ 717 ձայն։ 

Մերգել Ղարիբյանի խոսքով՝ ընտրություններից հետո՝ դեկտեմբերի 14-ին, ՔՊ ավագանու ամբողջ կազմն ինքնաբացարկ է հայտնել. «Քանի որ այս պարագայում մանդատների բաշխման արդյունքով չի ձևավորվել համայնքի ավագանու 2/3-ը, պարտավոր էին նոր ընտրություններ նշանակել։ ԿԸՀ-ն մանդատները բաժանել է դեկտեմբերի 16-ին, երբ արդեն ըստ օրենքի՝ համայնքի ավագանու 2/3-ը չէր ձևավորվում»,- ասաց Ղարիբյանը։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ արդեն իսկ տեղի է ունեցել մանդատների բաշխում 3 քաղաքական ուժերի միջև, և այդ վկայակոչված 2/3-ը որևէ առնչություն չունի այս պարագայում․ «Եթե անձինք ցանկանում են ներկայացնել դիմում՝ հրաժարվելով մանդատ ստանալուց, կամ ինքնաբացարկի դիմում, ապա հանձնաժողովը այդ դիմումները պարտավոր է քննել։ Ներկայացվել են դիմումներ, որոնք քննարկվել են, որից հետո իրականացվել է մանդատների տրամադրումը, և կազմվել է համապատասխան արձանագրություն, որովհետև մանդատներն արդեն իսկ բաշխված են եղել, և քանակները որոշված են եղել։ Եվ եթե այնպիսի իրավիճակ է, որ ընտրական ցուցակում չկա թեկնածու, որը պետք է մանդատ ստանա, այդ մանդատները մնում են թափուր։ 2/3-ի հետ կապված խնդիրները կարող էին առաջանալ բացառապես մինչև մանդատների բաշխման վերաբերյալ որոշում ընդունելը։ Իսկ այս պարագայում մանդատների բաշխումը տեղի է ունեցել ընտրություններից հետո 7-րդ օրը և սահմանվել է, թե որ կուսակցությանը որքան մանդատ է հասնում»։  

Նշենք, որ «Ամասիա-Արփի» կուսակցությունների դաշինքը ստացել է 6 մանդատ, ՀՀԿ-ն՝ 3 մանդատ, իսկ ՔՊ-ն, ինքնաբացարկ հայտնելով, չի վերցրել իր 6 մանդատները։

Նարա Մարտիրոսյան