Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Թուրքիայի հետ երկխոսելու ընթացքում պետք է հստակ սահմանել «կարմիր գծեր» և պահպանել դրանք»․ քաղաքագետ

«Թուրքիայի հետ երկխոսելու ընթացքում պետք է հստակ սահմանել «կարմիր գծեր» և պահպանել դրանք»․ քաղաքագետ
Քաղաքականություն
20:13, 20 декабрь 2021
Հայաստանը և Թուրքիան ներկայացուցիչներ են նշանակել երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար։ Թուրքիայի ներկայացուցիչ է նշանակվել Սերդար Քըլըչը, ով 1984 թվականից Թուրքիայի արտաքին գերատեսչությունում է աշխատում: 2014-2021 թվականներին Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանն է եղել։

Հայկական կողմից հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Ռուբեն Ռուբինյանը, ով 2018 թվականին նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, ապա 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել  «Իմ քայլը» համամասնական ցուցակով։ Եղել է 7-րդ գումարման ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը։ 2021 թվականի օգոստոսի 3-ին ընտրվել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ։

Քաղաքական և վերլուծական տարբեր շրջանակներ պնդում են, որ ժամանակավրեպ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման փորձերը՝ պետք է սպասել ավելի լավ ժամանակների, մյուս մասն էլ պնդում է, որ խոսել ցանկացած դեպքում պետք է։

Civic.am-ի հետ զրույցում պատմաբան, արաբագետ Արմեն Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ թուրքական կողմը ինքն է փորձում օրակարգ թելադրել և հնարավորինս արագ տեմպով իրացնել այդ օրակարգը։ «Եթե այս համատեքստում ենք գնահատում իրավիճակը, ապա հայկական կողմը պետք է առաջին հերթին խնդիր դնի այս տեմպը կոտրելու, որովհետև նման կերպ Թուրքիան խնդիր է դնում արագության և ռեսուրսների հաշվին լուծելու տարբեր խնդիրներ, որոնք առկա են երկկողմ հարաբերություններում և նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունններում՝ հաշվի առնելով, որ Ադրբեջան-Թուրքիա օրակարգերը հնարավորինս ներդաշնակ են»,- ասաց Արմեն Պետրոսյանը։

Տեմպի թուլացումը, ըստ Պետրոսյանի, թույլ կտա շատ ավելի լայնախոհ, կշռադատված, հավասարակշռված գործելու այդ գործընթացում։ Մյուս հանգամանքը, որը, ըստ Պետրոսյանի, չափազանց կարևոր է, Հայաստանը պետք է արևմտյան երկրներին գործընթացի որևէ փուլում ներգրավելու և մանևրելու տեղ թողնի։ Մյուս կարևոր հանգամանքը՝ հայկական կողմը պետք է իր համար թողնի գործընթացների որևէ փուլում դրանից հրաժարվելու հնարավորություն։

«Մնացած դրական օրակարգերի հետ կապված, բնականաբար, պետք է լինել մաքսիմալ ճկուն և փորձել օգտագործել բոլոր հնարավորությունները, որոնք հնարավորություն կստեղծեն հայկական շահերը առաջ տանելու համար»,- ասաց Պետրոսյանը։

Առաջնային խնդիրը, որը պետք է առաջ քաշվի, ըստ Պետրոսյանի, առանց որևէ նախապայմանի  հարաբերություններ սկսելն է, որովհետև այդ նախապայմանները, միանշանակորեն, Հայաստանի շահերին դեմ են  և հանուն ինչ-որ նպատակների, այդ նախապայմանները ընդունելը և ըստ դրանց գործելը որոշակի փուլում կարող են անդառնալի վնաս հասցնել ՀՀ շահերին։

Մյուս իրողությունը, որը Արմեն Պետրոսյանը չափազանց կարևոր համարեց, երկու կողմերի իրավահավասարության սկզբունքի ամրագրումն է։ «Անկախ դերակատարների՝ Հայաստանի և Թուրքիայի ռեսուրսներից, հնարավորություններից, այդ գործընթացը պետք է լինի հավասարության սկզբունքի պահպանմամբ և համարժեք քայլերով»,- նշեց Պետրոսյանը և ավելացրեց, որ պետք է հնարավորինս փորձել տարանջատել Թուրքիա, Ադրբեջան ներդաշնակ օրակարգերը։

Արմեն Պետրոսյանը չի կարծում, թե Արևմուտքը կամ Ռուսաստանն են Թուրքիային պարտադրել գնալ Հայաստանի հետ հաշտեցման, այլ Թուրքիան այս քայլին գնում է առաջնահերթ հաշվի առնելով սեփական շահերը՝ թուրք-ադրբեջանական ընդհանուր օրակարգը, որը վերաձևակերպել է 44-օրյա պատերազմից հետո։ «Թուրքիան ակնհայտ խնդիրներ ունի լուծելու և այս պահին նպատակահարմար է համարում այդ խնդիրները լուծել ոչ թե նախկին հակամարտային հարաբերությունների մակարդակում, այլ բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք գիտենք, որ թուրք-հայկական օրակարգում՝ մի կողմից, մյուս կողմից՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների օրակարգում կան բավական կնճռոտ խնդիրներ, որոնք պատերազմից հետո են օրակարգ մտել և մինչև այսօր չեն հարթվել։ Դրանցից ամենակարևորը Սյունիքով Ադրբեջան-Նախիջևան կապի համար ճանապարհի տրամադրման հարցն է, որը Թուրքիան և Ադրբեջանը փորձում են լուծել միջանցքային տրամաբանությամբ։ Հետևաբար, քանի որ մինչև այժմ Ադրբեջանին չի հաջողվել այդ ծրագիրն իրականացնել և՛ բանակցային ձևաչափերում, և՛ ռազմական ուժի  կամ ուժի սպառնալիքի կիրառման ձևաչափով, նաև հիմնական աշխարհաքաղաքական խաղացողների տեսակետները այս ապաշրջափակման գործընթացում միանշանակ համադրելի են հայկական կողմի տեսակետի հետ, այս խնդիրների հաղթահարման համատեքստում թուրքական կողմը այս պահին նպատակահարմար է համարել փոխել մարտավարությունը և փորձել Հայաստանի հետ բանակցային ձևաչափում այս խնդիրները բերել օրակարգ և հասնել դրանց՝ Թուրքիայի և Ադրբեջանի շահերին հնարավորինս համահունչ լուծման տարբերակ գտնելուն»,- ասաց Արմեն Պետրոսյանը։

Ամփոփելով՝ Արմեն Պետրոսյանն ասաց, որ Թուրքիան իր առջև մի քանի խնդիրներ է դրել լուծելու համար և, քանի որ Հայաստանը բարձրաձայնել էր հարևանների հետ խնդիրների լուծման անհրաժեշտության մասին, ճիշտ չէր լինի, որ Հայաստանը չարձագանքեր Թուրքիայի առաջարկին, և մեծ հաշվով, մենք չգիտենք էլ, թե ինչ է սպասվում, և պետք է աշխատել այն ուղղությամբ, որպեսզի ներմուծենք հայկական շահերը և օրակարգը այս գործընթացում, սակայն պետք է հստակ սահմանել «կարմիր գծեր» և սկզբունքներ, որոնք պետք է պահպանել։  
 
Վովա Հակոբյան