Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Վրաստանում գործող մի քանի ընկերության նկատմամբ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Վրաստանում գործող մի քանի ընկերության նկատմամբ
Քաղաքականություն
22:39, 20 декабрь 2021
Ամերիկայի Միացյալ Նահանգների առևտրի նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել մի շարք երկրներում գործող ընկերությունների, այդ թվում՝ Վրաստանում գործող երեք ընկերության նկատմամբ։

Aliq media-ն գրում է, որ դեկտեմբերի 17-ին հրապարակված հաղորդագրության համաձայն՝ «սև ցուցակում» ընդգրկված են այն ընկերությունները, որոնք ԱՄՆ-ի կողմից դիտվում են որպես սպառնալիք իր արտաքին քաղաքականության կամ ազգային շահերի համար։ Ընդհանուր հաշվով` «սև ցուցակում» հայտնվել են Չինաստանում, Թուրքիայում, Մալայզիայում և Վրաստանում գործող 37 ընկերություններ։

Տվյալների համաձայն՝ ցուցակում հայտնված ընկերությունները Իրանին ամերիկյան արտադրության արտադրանք են մատակարարում կամ փորձում են մատակարարել։

Ըստ ԱՄՆ-ի Առևտրի նախարարության` այս արտադրանքը կարող է նյութապես օգնել Իրանի պաշտպանական արդյունաբերությանը, որը խախտում է ԱՄՆ-ի արտահանման վերահսկողության պայմանները։ Վերոնշյալ համատեքստում պատժամիջոցներ են սահմանվել Վրաստանում գործող հետևյալ 3 ընկերությունների նկատմամբ. SAEROS Safety ERO Gensis Engineering ROV Solutions Առևտրի նախարարության կողմից «սև ցուցակում» հայտնվելը արգելում է ամերիկյան ապրանքների մատակարարումը այդ ընկերություններին, մինչև ԱՄՆ-ի կառավարությունը չտրամադրի հատուկ լիցենզիա: