Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրաչյա Սարգսյանը, որքանով մենք փոխհարաբերվել ենք, քաղաքային տնտեսության վերաբերյալ ցուցաբերել է բանիմացություն. Դավիթ Խաժակյան

Հրաչյա Սարգսյանը, որքանով մենք փոխհարաբերվել ենք, քաղաքային տնտեսության վերաբերյալ ցուցաբերել է բանիմացություն. Դավիթ Խաժակյան
Քաղաքականություն
12:16, 21 декабрь 2021
«Այս երեք տարիների ընթացքում Մարությանի կառավարման արդյունավետության վերաբերյալ ես մշտապես հայտարարել եմ և թվերով էլ ի ցույց եմ դրել, որ այն կառավարումը, որն իրականացվել է, ձախողված է եղել, և մենք նաև տեսնում ենք, որ այդ  ձախողումն արձանագրվել է ոչ միայն քաղաքային տնտեսության մեջ, այլ նաև քաղաքական փոխհարաբերություններում, որովհետև Երևանի ավագանին քաղաքական մարմին է, Երևանի քաղաքապետը՝ քաղաքական պաշտոն»,-  այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

Նա նշեց, որ նաև հասկանում և ընդունում է, որ մեր քաղաքացիներից շատերի համար այս տրամաբանությունն անընկալելի է, և այն մարդիկ, ովքեր կարծում են, որ Մարությանի գործունեությունը դրական անդրադարձ է ունեցել, իրենք չեն հասկանում իշխանության, քաղաքապետի փոփոխության շարժառիթները, բայց այդուհանդերձ նա արձանագրում է, որ քաղաքապետը առաջնային մանդատ չունի, և ավագանին կարող է այդ փոփոխությունն իրականացնել։

Այնուհետև Դավիթ Խաժակյանն ասաց, որ իրենք չեն միացել քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը, որովհետև այն պատճառները, որոնք հնչեցին, ավելի շատ ներկուսակցական են և ավելի շատ ներքաղաքական խնդիրներից են բխում,  և իրենք այդտեղ վերապահում, որպես այդպիսին, չունեն և կարծում են, որ եթե նրանք այս պատճառաբանություններով ցանկանում են փոփոխություն իրականացնել, ապա դա նրանց իրավունքն է, և իրենք այդտեղ անելիք չունեն։

«Բայց, այդուհանդերձ, Մարությանի գործունեության մասին շատ է խոսվել, և կարծում եմ՝ դեռ շատ է խոսվելու։ Այլ բան է նաև,  թե ինչպիսի կառավարում կլինի ապագա երկու տարիներին, և մենք, որպես ավագանու անդամներ, կրկին հանձնառու ենք վերահսկելու նոր քաղաքապետի գործունեությունը։ Բայց իմ տպավորությամբ՝ վերջին տարիների ընթացքում քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, գոնե այնքանով, որքանով մենք փոխհարաբերվել ենք, քաղաքային տնտեսության վերաբերյալ ցուցաբերել է բանիմացություն, և հույս հայտնեմ, որ մենք առնվազն  որևէ մասով հետընթաց՝ եղած վիճակից, չենք ունենա»,- ասաց Դավիթ Խաժակյանը։