Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքապետին անվստահություն հայտնելու նախագիծը համընկնում էր մեր քաղաքական թիմի օրակարգի հետ. Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար

Քաղաքապետին անվստահություն հայտնելու նախագիծը համընկնում էր մեր քաղաքական թիմի օրակարգի հետ. Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար
Քաղաքականություն
12:39, 21 декабрь 2021
«Անվստահություն հայտնելու նախագիծը համընկնում էր մեր քաղաքական թիմի օրակարգի հետ, որը ձևավորվել էր դեռևս 2019 թվականին՝ մի շարք պատճառների հիման վրա»,- մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցի մասին, ասաց Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը։

 Նա մասնավորապես նշեց ներդրումային մի ծրագրի տապալման մասին,  երբ Գագիկ Ծառուկյանի միջնորդությամբ հանդիպում էր կայացել քաղաքապետարանում՝ արաբական աշխարհի ներկայացուցիչների և քաղաքապետի միջև։ 
Մանրիկյանը նշեց, որ դա բավականին լուրջ ներդրումային ծրագիր էր, որը բարեգործական հիմունքներով էր աշխատելու, և դա մեզ պետք էր գալու քովիդի համավարակի ժամանակ, նաև պատերազմական ու հետպատերազմական շրջանում։

«Պատճառները բազում են, կամազների մութ պատմությունը, որ այդպես էլ վերջնականապես չլուսաբանվեց, թերի կատարողականները. բազմաթիվ անգամ երկու ընդդիմադիր խմբակցությունները բարձրաձայնել են, որ կատարողականները թերի են: Եվ այդ ամենի համատեքստում մեզ մոտ ձևավորվել էր այդ օրակարգը՝ քաղաքապետի և քաղաքային գործադիր մարմնի փոփոխման հարցը։ Իսկ թե ինչու օրակարգ չէինք կարողանում բերել, որովհետև, ինչպես 2018 թվականի այդ ընտրությունները ցույց տվեցին, երկու ընդդիմադիր խմբակցությունները չէին կարող ապահովել ձայների մեկ երրորդը, որպեսզի այդպիսի նախաձեռնությամբ հանդես գայինք»,- ասաց Մանրիկյանը։

Ի հավելումն նա նշեց, որ երբ ընձեռվեց այդ հնարավորությունը, և օրակարգ եկավ այս նախագիծը, դա համընկավ իրենց քաղաքական դիրքորոշման հետ, և իրենք որոշեցին դրան տալ ընթացք ու նախագծին կքվեարկեն կողմ։