Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մեր թեկնածուն մնում է Արթուր Ղազինյանը». Գեղամ Նազարյանը՝ Անդրանիկ Քոչարյանի՝ ևս մեկ հնարավորություն տալու մասին

«Մեր թեկնածուն մնում է Արթուր Ղազինյանը». Գեղամ Նազարյանը՝ Անդրանիկ Քոչարյանի՝ ևս մեկ հնարավորություն տալու մասին
Քաղաքականություն
17:43, 21 декабрь 2021
Այսօր Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում հանձնաժողովի նախագահի տեղակալի հաստիքը հերթական անգամ մնաց թափուր։ Ընդդիմությունը չէր ներկայացել նիստին։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել էր, որ «Հայաստան» խմբակցությունը նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու չի առաջադրել, և դրա իրավասությունն անցել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, սակայն իրենք ևս խուսափել են թեկնածու առաջադրելուց, որպեսզի զերծ մնան շահարկումներից, և նաև դա բարի կամքի դրսևորում է մեծամասնության կողմից։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Գեղամ Նազարյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ  խմբակցության կողմից ավելի վաղ եղել է որոշում, որ թեկնածուին չեն փոխում, և Արթուր Ղազինյանն է իրենց թեկնածուն։ «Չեմ կարծում, որ փոխվի. մեկ շաբաթ հետո այս նույն վիճակն է լինելու»,- ասաց նա։

Մեր դիտարկմանը, որ այդ դեպքում իշխող ուժը իր թեկնածուին կընտրի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում, Նազարյանը պատասխանեց. «Ո՞նց պիտի ընտրի, եթե դոնթի բանաձևով դա տրված է ընդդիմությանը: Դա նոր օրենքին հակասում է, չէ՞: Այսինքն՝  մենք չենք հրաժարվել. դա լինում է, երբ մենք հրաժարվում ենք թեկնածու ներկայացնելուց, բայց մենք ներկայացնում ենք թեկնածու»։
Մեր  ճշտող հարցին, որ խմբակցությունը չէր առաջադրել թեկնածու, պատգամավորը արձագանքեց. «Չէ, ներկայացրել էինք մենք. հայտարարություն էինք արել «Պատիվ ունեմ» խմբակցության հետ ու հայտարարության տեքստը ուղարկել ենք նաև հանձնաժողովի նախագահին, որ մեր թեկնածուն մնում է Արթուր Ղազինյանը»։

Հիշեցնենք, որ Քոչարյանը նշել էր նաև, որ իրենք առաջարկել են «Հայաստան» խմբակցությանը համատեղ քննարկել հարցը և կոնսենսուսով թեկնածու առաջադրել՝ ընդդիմությունից, սական ընդդիմությունը չի արձագանքել առաջարկին, բայց իշխանական մեծամասնությունը ևս մեկ հնարավորություն է տալիս ընդդիմությանը, սակայն եթե հաջորդ նիստին ևս ընդդիմությունը թեկնածու չառաջադրի, ապա դա կանի «Քաղաքացիական պայմանագիր»-ը։

Ադյան Գեղամ