Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անհերքելի փաստ է, որ քաղաքապետարանում կան կոռուպցիոն դրսևորումներ և ռիսկեր. Արմեն Գալջյանը՝ Էռնեստ Ավանեսովին

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, հրավիրվել է Երևանի ավագանու արտահերթ նիստ: Քննարկվում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու օրենքի նախագիծը, որը նախաձեռնել է ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը:

Ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը, անդրադառնալով Երևանի քաղաքապետի թեկնածու Հրաչյա Սարգսյանի տված ծավալուն հարցազրույցին, նշեց. «Պարոն Սարգսյանն ասաց, որ չի կարծում, թե համակարգային կոռուպցիա կա, որ պարոն Մարությանին անվստահություն հայտնելու հարցը քաղաքական չէ, և փաստեց, որ ինքը «Քաղպայամանագրի» անդամ չէ»:

Դիմելով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին՝ նա հարցրեց. «Ի վերջո, կա՞ համակարգային կոռուպցիա քաղաքապետարանում, թե՞ ոչ, այս հարցը քաղաքակա՞ն է, թե՞ ոչ, և քաղաքապետ դառնալու դեպքում արդյոք Հրաչյա Սարգսյանի առաջ պահանջ կդրվի՞ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամակցության»:
Ի պատասխան՝ Արմեն Գալջյանն ասաց. «Քաղաքապետարանում, այո, շարունակում են դրսևորվել կոռուպցիոն երևույթներ և ռիսկեր, և դա անհերքելի փաստ է»:

Ինչ վերաբերում է հարցի երրորդ հատվածին, Արմեն Գալջյանը նշեց, որ այս պահին չի կարող պատասխանել այդ հարցին, քանի որ նման քննարկում չի եղել: