Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Այո՛, որոշ բարեփոխումներ եղել են իմ կուռացիայի ներքո, բայց դա չի նշանակում, որ դրանք ես միայնակ եմ իրականացրել»․ Հրաչյա Սարգսյան

«Այո՛, որոշ բարեփոխումներ եղել են իմ կուռացիայի ներքո, բայց դա չի նշանակում, որ դրանք ես միայնակ եմ իրականացրել»․ Հրաչյա Սարգսյան
Քաղաքականություն
14:40, 22 декабрь 2021
Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ավագանու նիստի ընդմիջմանը, պատասխանելով լրագրողների հարցերին նշեց, որ ինքը դեմ չի եղել ավտոբուսների գնմանը, քանի որ ինքն է համակարգել գնման գործընթացը։ Սարգսյանը նաև նշեց, որ ավագանու, քաղաքապետի և կառավարության միջև առաջացած խզումը առաջացրել է տարաձայնություններ ավտոբուսների գնման տեսլականների շուրջ և հիմա պետք է ավելի խորքային ուսումնասիրություններ իրականացնել և ներկայացնել Կառավարությանը թե ինչ ուղղությամբ պետք է շարժվել։

Փոխքաղաքապետը ժամանակավրեպ համարեց ԱԺ նախագահի համար ձեռք բերված մեքենայի գնումը, սակայն նշեց, որ բոլոր քաղաքական թիմերն էլ սխալներ անում, սակայն, դա չի նշանակում, որ բոլոր քայլերը սխալ են։ 

Անդրադառնալով բարեփոխումներին, Հրաչյա Սարգսյանը նշեց, որ մեկ անձ չի կարող բարեփոխումներ իրականացնել, և այո՛ որոշ բարեփոխումներ եղել են իր կուռացիայի ներքո, բայց դա չի նշանակում, որ դրանք ինքը միայնակ է իրականացրել։

Սարգսյանն ասաց, որ ինքը գոհ է Հայկ Մարությանի աշխատանքից և այն բարեփոխումները, որոնք նախատեսված են իրականացնել՝ իրականացվելու են և ինքը Մարությանի հետ խնդիրներ չի ունեցել։ 

ՔՊ-ին անդամակցել Հրաչյա Սարգսյանը չի պատրաստվում, Նիկոլ Փաշինյանի հետ առանձին հանդիպում չի ունեցել։ Կադրային հարցերին անդրադառնալով, Հրաչյա Սարգսյանն ասաց, որ որոշ կադրային փոփոխություններ գուցե լինեն։

«Ընդհանուր քաղաքական գիծը, որը հրապարակային կա, ես այդ քաղաքական գծի մեջ եմ»,- ասաց Հրաչյա Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե կիսու՞մ է «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքական գիծը։

Սարգսյանը նշեց նաև, որ իրեն առաջադրելուց առաջ ավագանու կողմից հստակ պահանջներ ներկայացվել են՝ պետք է արդյունավետ կառավարում իրականացրել, համատեղ ծրագրեր իրականացնել։