Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկ Մարությանը, ինչպես պատեհապաշտորեն, պահից ելնելով մտավ ՔՊ, այդպես էլ պատերազմից հետո դուրս եկավ ՔՊ-ից․ Դավիթ Խաժակյան

Հայկ Մարությանը, ինչպես պատեհապաշտորեն, պահից ելնելով մտավ ՔՊ, այդպես էլ պատերազմից հետո դուրս եկավ ՔՊ-ից․ Դավիթ Խաժակյան
Քաղաքականություն
16:43, 22 декабрь 2021
«Եկեք արձանագրենք, որ Հայկ Մարությանը ինչպես պատեհապաշտորեն, պահից ելնելով մտավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, այդպես էլ պատերազմից հետո դուրս եկավ ՔՊ-ից։ Ո՛չ հերոսացնելու է մուտքը ՔՊ, ոչ էլ՝ ելքը»,- այդ մասին այսօր քաղաքապետին անվստահություն հայտնելու քննարկման ժամանակ ասաց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

Այնուհետև Դավիթ Խաժակյանն ասաց, որ  Պարոն Մարությանն ասում է, որ երկիրը ֆեյսբուքով չեն կառավարում, իրեն հետաքրքիր է՝ տեսնես ում է ասում պարոն Մարությանն այն պայմաններում, երբ այս դահլիճում, այս շենքում չկա մարդ ում հայտնի չէ, թե նա ժամը քանիսին էր աշխատանքի գալիս տարիներ շարունակ և քանիսին գնում։ 

Խաժակյանը նշեց, որ երբ ինքը մարդկանց պատմում էր, որ դա ժամը 12-ն է, 13-ն է, և մի քանի ժամ աշխատում է, հաճախ նույնիսկ դժվար է իրեն փաստը զեկուցել, շատերը զարմանում, և գուցե չէին հավատում։

«էդ ֆեյսբուքով կառավարելը այլ կերպ է լինում։ Ես սա եմ ուզում հասկանալ։ Պարգևավճարներից խոսվեց, որոնց թեման կառավարության մասով բացվեց 2019 թվականին, իսկ 2018 թվականին Հայկ Մարությանը տվեց մեծ ծավալների պարգևավճարներ, որոնք անգամ հրաժարվում էր հրապարակել որպես քաղաքապետի որոշում, ինչի ուղիղ պարտավորությունը նա ուներ։ Եվ հետո ընդդիմության ջանքերով նա ստիպված այդ պարգևատրումը հրապարակեց։ Երբ խոսում է մեծ, անհասկանալի մեծ թվերից։ Ես պետք է նաև հիշեցնեմ պարոն Մարությանին, իսկ երբ իր նշանակած պաշտոնյաները՝ Հայկ Սարգսյանը, Կարեն Համբարձումյանն աշխատանքից դուրս էին գալիս և նա շուրջ 2,5 միլիոն դրամի պարգևատրում էր տալիս, էդ ժամանակ մտքին չէ՞ր գալիս, բա ինչպես կարելի է 1,5 միլիոն տալիս է կառավարությունը, էդ 2,5 միլիոն տվողը ինքը չէր։ Մենք կարող ենք դա քննադատել, որովհետև և՛ նրա մասին ենք խոսել, և՛ սրա մասին ենք խոսել։ Բայց երբ Հայկ Մարությանն է սրա մասին խոսում, ես մեծ ցանկություն եմ ունենում այս  երևույթների մասին խոսելու»,- ասաց Դավիթ Խաժակյանը։ 

Անդրադառնալով Հայկ Մարությանի այն հայտարարությանը, թե իրենց զանգահարում էին, ասում էին, որ ծանոթներին, բարեկամներին արտոնություններ տա, Դավիթ Խաժակյանը հարց է բարձրացնում, իսկ կա՞ ինչ-որ մեկը, ով չգիտե, թե ինչ կապերի մեջ է եղել Հայկ Մարությանը նախկինում «Երևանտրանս»-ի տնօրենի հետ, ով պաշտոնից ազատվեց և ըստ մամուլի հրապարակումների՝ քրեական գործերի հետևանքով  հիմա Հայաստանում չէ, այդ կապերը՝ կիսաազգակցական, իսկ ավելի շուտ քավորսանիկական, ոչ մեկ չգիտե՞ր, որ ինքը հենց այդպես է նշանակել, իսկ սրա մասին ինչո՞ւ չի խոսում։ 

«Ես ինձ անհարմար եմ զգում անգամ այս թեմայից խոսելուց։ Բայց ով չգիտեր, կամ հիմա ով չգիտի, որ կային հիմնարկներ և կան հիմնարկներ,  որոնց փաստացի ղեկավարումն իրականացնում է քաղաքապետի կինը, աշխատանքի նշանակում, աշխատանքից ազատում, մամուլում այս ամեն ինչը եղել է չէ՞ ։ Այսինքն, եթե մենք խոսում ենք կառավարչական տարբեր էթիկական հարցերից, էս հարցերը մոռացվում են, բայց այդ նույն բաներն ինքն է արել ու ինքն է հասցրել անել երեք տարիների ընթացքում։ Հարգելի գործընկերներ, որ նա այսպես ելույթ ունեցավ ես այդտեղ նաև ձեր մեղքն եմ տեսնում, որովհետև դուք եք կոծկել իր արարքները, չեք խոսել դրա մասին, հաճախ նաև արդարացրել եք դա»,-ասաց Դավիթ Խաժակյանը։