Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆրանսիայի նախագահի թեկնածուի «ձիով քայլը» դեպի Արցախ. 1in.am

Ֆրանսիայի նախագահի թեկնածուի «ձիով քայլը» դեպի Արցախ. 1in.am
Քաղաքականություն
13:07, 23 декабрь 2021
Ֆրանսիացի քաղաքական լրագրող Ժյուլեին Նանին թվիթերյան գրառում է արել այն մասին, որ Իլ դե Ֆրանս խոշորագույն շրջանի խորհրդի նախագահ, Ֆրանսիայի նախագահի ընտրությանը Հանրապետական կուսակցությունից թեկնածու առաջադրվելու մասին ազդարարած Վալերի Պեկրեսը Հայաստան կատարած այցի ընթացքում այցելել է նաև Արցախ, որտեղ հանդիպել է տեղի քաղաքական առաջնորդներին: Ըստ լրագրողի, Պեկրեսի այցը չի լուսաբանվել անվտանգության նկատառումներից ելնելով:

Վալերի Պեկրեսի այս քայլը քաղաքական իմաստով կարող է դիտարկվել որպես «ձիով քայլ», որի նպատակը սակայն գոնե հայաստանյան դիրքերից բավականին մշուշոտ է: Ինչ է խոսել Ֆրանսիայի նախագահի թեկնածուն Արցախում, մանրամասներ դեռ հայտնի չեն, թեև խոշոր հաշվով հազիվ թե բուն այցի նպատակը հստակ լինի այդ խոսակցությունների համատեքստում: Ըստ ամենայնի, Վալերի Պեկրեսը Հայաստան այցի շրջանակում Արցախ կատարած այցով քաղաքական իմաստով ավելի շուտ «խոսում» է Մինսկի խմբի մյուս երկու համանախագահ երկրների՝ ԱՄՆ ու Ռուսաստանի հետ, այն քաղաքական պայքարի համատեքստում, որի մեջ նա  մտնում է Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնի հետ նախընտրական դիմակայությամբ: Պեկրեսն ըստ ամենայնի լինելու է գործող նախագահ Մակրոնի գլխավոր մրցակիցը, որի հաղթելու շանսերը քիչ չեն, թե իհարկե վարկանիշային առաջատարը առայժմ գոնե Մակրոնն է:

Պեկրեսն ըստ ամենայնի փորձում է հենց նախընտրական նախնական շրջանից իր քաղաքական վարքագիծը կառուցել ավելի լայն, միջազգային խաղի տրամաբանությամբ և արցախյան ուղղության ընտրությունն այդ առումով դիտարկել է դա անելու համար առավել օպտիմալ թերևս մի շարք պատճառներով: Միևնույն ժամանակ սակայն, Ֆրանսիայի նախագահի թեկնածուի այցը իհարկե առաջացնում է հարցեր, կապված Ադրբեջանի արձագանքի հետ, հաշվի առնելով նաև այն գործընթացներն ու նաև Ֆրանսիայի ակտիվության այն փուլը, որ արձանագրվեց վերջին օրերին թե բրյուսելյան հանդիպման, թե Մակրոն-Պուտին շփումների համատեքստում: Պեկրեսի այցը կարո՞ղ է Բաքվի համար դառնալ այսպես ասած «կապրիզի» առիթ, «փաստարկ», թե՞ հակառակը՝ ակնարկ նաև Բաքվին, որ «կապրիզները» կարող են առաջացնել խնդիրներ: Հետաքրքիր է, Վալերի Պեկրեսը ռուս խաղաղապահների անցակետերում անցել է առա՞նց խնդիրների:

Աղբյուր՝ 1in.am