Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Բրյուսելում Ալիևի հետ փորձեցինք մտնել մանրամասնությունների մեջ, հասկանալու համար, թե ի՞նչն է պատճառը, որ կողմերն ունեն այսպիսի դիրքորոշումներ»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առցանց ձևաչափով պատասխանում է լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին: Հանրային հեռուստաընկերության կողմից հարց հնչեց, թե որն է խոչընդոտը, որ Ադրբեջանի հետ դեռ հնարավոր չէ համաձայնություն ձեռք բերել՝ վերաբացելու ավտոմոբիլային ճանապարհները և արդյոք Փաշինյանը վերահաստատում է, որ հայկական կողմը չի համաձայնի առանց մաքսային ստուգումների և առանց մաքսային տուրքի գանձման ճանապարհ տրամադրել Ադրբեջանին։
 
 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը դեռ հանդիպումից առաջ ֆեյսբուքյան իր էջում գծանշել էր հայկական կողմի «կարմիր գծերը», որի  իմաստն այն էր, որ միջանցքային որևէ տրամաբանություն հայկական կողմը չի ընդունում, իսկ երկաթուղիների մասով պայմանավորվածությունը Սոչիում սկսված խոսակցության ամփոփումն էր, և արձանագրումն այն էր, որ երկու կողմերից կգործի լիարժեք մաքսային, սահմանային հսկողություն։ 

 «Ավտոճանապարհների հետ կապված մեր սկզբունքային դիրքորոշումը մնացել է նույնը։ Բրյուսելում մենք փորձեցինք մտնել մանրամասների մեջ։ Փորձեցինք հասկանալ ի՞նչն է պատճառը, որ կողմերն արտահայտում են այսպիսի դիրքորոշումներ։ Անկեղծ ասած, այդ մանրամասների քննարկումների ժամանակ ես այդտեղ էլ տեսա հնարավորություն, որ մենք կարող ենք գալ որոշակի լուծումների, որտեղ թե՛ մեր դիրքորոշումները, թե՛ Ադրբեջանի առաջ քաշած գործնական խնդիրները կարող են լուծում ստանալ, բայց այս մասով մենք որևէ պայմանավորվածություն չունենք։ Այդ հնարավորությունները մենք պետք է փորձենք իրականացնել, կոմպրոմիսային լուծում գտնել, որոնք չեն հատի մեր կարմիր գծերը», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
 
Հիշեցնենք, որ Բրյուսելյան հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հնարավոր է եղել համաձայնություն ձեռք բերել   գործարկելու Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգիծը, իսկ ավտոճանապարհների մասով՝ առայժմ առաջընթաց չկա։