Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի հետ բանակցություններում մեր օրակարգը հարաբերությունների կարգավորումն է, սակայն դա բարդ և նուրբ հարց է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օնլայն ձևաչափով պատասխանելով լրագրողների և ՀԿ սեկտորի հարցերին, անդրադարձավ Թուրքիայի հետ բանակցություններին վերաբերող հարցին։ 

 Մասնավորապես, Փաշինյանն անդրադարձավ դիտարկումներին, թե հատուկ ներկայացուցիչների նշանակումն ու երկխոսելուն համաձայնելը արդեն իսկ նշանակում է, որ Հայաստանն ընդունում է Թուրքիայի նախապայմանները, մասնավորապես՝ «Զանգեզուրի միջանցք» տրամադրելու նախապայմանը։ Վարչապետն ասաց, որ բազմիցս շեշտվել է, որ հայկական կողմը միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու։ 

 Անդրադառնալով Թուրքիայի հետ բանակցությունների մեր օրակարգին Փաշինյանն ասաց․ «Մեզ համար կարևոր է տարանցիկ ուղիներ ստեղծելու օրակարգը և Թուրքիայի հետ հարաբերություններում, եթե պարզվի, որ այս բացվող կոմունիկացիաները ավելի ընդարձակ նշանակություն կարող են ունենալ, սա կլինի մեր օրակարգի կարևորագույն հարցերից մեկը, օրինակ՝ սահմանի և երկաթուղու բացումն ու այդպես շարունակ։ Հիմա խոսք է գնում օդային հաղորդակցության վերաբացման մասին, ինչը մենք դրական ենք գնահատում և հույս ունեմ, որ իսկապես, իրականում փոխադարձ թռիչքները կսկսվեն։ Այսինքն՝ մեր օրակարգը հարաբերությունների կարգավորումն է։ Բայց պետք է հասկանանք, որ գործ ունենք շատ բարդ խնդրի հետ, որն ունի բազմաթիվ նրբություններ։ Այդ հարցի վերաբերյալ Հայաստանում կա շատ էմոցիոնալ վերաբերմունք», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
 
 Միաժամանակ, Փաշինյանը նշեց, որ չի ցանկանում, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ բանակցությունների վերաբերյալ ունենանք չհիմնավորված լավատեսություն։ Թե երբ տեղի կունենա հատուկ ներկայցուցիչների միջև առաջին հանդիպումը, Փաշինյանը նշեց, որ այս պահին այդպիսի հանդիպում նշանակված չէ և հույս հայտնեց, որ հնարավորինս արագ կնշանակվի։ 

 «Մեր դիվանագիտական ծառայությունը կձևավորի բանագնացին աջակցող խումբ։ Դա կարևոր, ծավալուն աշխատանք է, թիմային աշխատանք է», - ասաց Նիկոլ Փաշինյանը։