Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք չի եղել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախապայման. Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ձևաչափով մամուլի ասուլիսին լրագրողները հետաքրքրվել էին, թե Թուրքիայի հետ հարաբերություններում որն է լինելու հայկական կողմի դիրքորոշումը. «Հնարավո՞ր է, որ կարգավորման համատեքստում հայկական կողմը հրաժարվի Ցեղասպանության ճանաչման պահանջից»:

«Հայկական կողմը, Հայաստանի բոլոր իշխանությունները առանց բացառության հայտարարել են, որ պատրաստ են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը առանց նախապայմանների»,- ի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախապայման չի եղել: 

Վարչապետի խոսքով՝ այսօրվա կառավարությունը միշտ կրկնել է այն նախադասությունը, որը ձևակերպված է 90-ականների սկզբից, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների. «Մենք չենք ասում՝ կճանաչեք Ցեղասպանությունը, հարաբերությունները կկարգավորվեն, չեք ճանաչի՝ չեն կարգավորվի: Իսկ Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում մենք մեր դիրքորոշումը հստակ ձևակերպել ենք Կառավարության ծրագրում»: