Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերջին մեկ տարում մենք անցանք 10 տարվա փորձությունների միջով. Նիկոլ Փաշինյանը՝ որպես գլխավոր բանակցող Ռուբեն Ռուբինյանի նշանակման մասին

Վերջին մեկ տարում մենք անցանք 10 տարվա փորձությունների միջով. Նիկոլ Փաշինյանը՝ որպես գլխավոր բանակցող Ռուբեն Ռուբինյանի նշանակման մասին
Քաղաքականություն
21:42, 24 декабрь 2021
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ձևաչափով մամուլի ասուլիսին լրագրողները, անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով որպես ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի նշանակմանը, հարցրել էին. «Արդյոք Ռուբինյանի դիվանագիտական հմտությունները և կարողությունները բավարա՞ր են նման բավականին բարդ գործընթացը նրան վստահելու համար: Մտավախություն չունե՞ք, որ հայկական կողմը կարող է տանուլ տալ այս գործընթացում՝ ներկայացուցչի փորձառության բացակայության պատճառով»:

Պատասխանելով հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես կարծում եմ, որ այս իրավիճակում այս բանակցություններում շատ կարևոր է, որ բանակցողը լինի քաղաքական իշխող թիմի ներկայացուցիչ: Սա կարևոր գործոն է»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց. «Հիմա շատ դժվար է մեր թիմի որևէ անդամի մասին ասել փորձառություն չունեցող: Մենք վերջին մեկ տարվա ընթացքում անցել ենք փորձությունների միջով, որը գուցե տասը տարվա փորձություն է»:

Վարչապետը նկատեց նաև, որ պարոն Ռուբինյանը միայնակ չի տանելու այդ պրոցեսը. «ԱԳՆ-ում մեր դիվանագիտական կորպուսից ձևավորվելու է թիմ, որն այդ ամբողջ պրոցեսն իրականացնելու է: Պարոն Ռուբինյանը լինելու է մեր գլխավոր բանակցողը, բայց դա չի նշանակում, թե մեր նախորդ փորձությունից ու փորձառությունից այս ամեն ինչը կտրված է լինելու»: