Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի պետական նախարարն այցելել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

Արցախի պետական նախարարն այցելել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
Քաղաքականություն / Հայաստան
14:04, 25 декабрь 2021
Հոկտեմբերի 25-ին Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս դեսպան Արմեն Բայբուրդյանը հանդիպել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի, նրա ավագ խորհրդական Դավիթ Հակոբյանի և արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանի հետ:

Հանդիպմանը ներկա էին նաև Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ -AMAA) գործադիր տնօրեն/գլխավոր գործադիր պաշտոնյա (CEO) Զավեն Խանջյանը, Հայաստանում ԱՀԱԸ ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանը, Արցախում Ընկերակցության ներկայացուցիչ Վիկտոր Կարապետյանը և Սիրիայի Հայ Ավետարանչական համայնքի նախագահ և Հայ Ավետարանական Համաշխարհային Խորհրդի (AEWC) քարտուղար վերապատվելի դոկտոր Հարություն Սելիմյանը:

Զրուցակիցները քննարկել են արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքները, Արցախի Հանրապետությունում առկա իրավիճակը, ինչպես նաև պատերազմից տուժած Արցախի ժողովրդին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հետ կապված հարցեր:

Օրակարգի կետերը ներառել են նաև պատերազմի արդյունքում ուղղակիորեն տեղահանված անձանց բնակարաններով ապահովմանն ուղղված Արցախի կառավարության ծրագրերի քննարկումը: Դեսպան Բայբուրդյանն ընդգծել է Արցախի տնտեսական և մարդկային զարգացմանն ուղղված ծրագրերի աջակցության գործում Սփյուռքի միասնական դերի բարձրացման անհրաժեշտությունը: