Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արևմուտքի խոսքերին չի կարելի վստահել. Լավրով

Արևմուտքի խոսքերին չի կարելի վստահել. Լավրով
Քաղաքականություն
16:08, 27 декабрь 2021
Ռուսաստանի նկատմամբ վստահությունը, որը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո չարդարացվեց արևմտյան երկրների կողմից, ցույց տվեց, որ նրանք չեն կարող իրենց խոսքի տերը լինել։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «Soloviev Live» յութուբյան ալիքում Վլադիմիր Սոլովյովին տված բացառիկ հարցազրույցում, գրում է ՏԱՍՍ-ը:

«Արևմուտքի հետ մեր հարաբերությունները՝ ԽՍՀՄ-ի փլուզման և նոր հարաբերությունների կառուցման ժամանակաշրջանում, նախագահն այս մասին մեկ անգամ չէ, որ խոսել է, իհարկե, վստահության բոլորովին աննախադեպ մակարդակի էին. ընկերներ լինելու, գրեթե դաշնակիցներ դառնալու ցանկություն, ինչպես պարբերաբար հիշում է Վլադիմիր Վլադիմիրովիչը։ Սակայն այս ամենը, մենք հիանալի հասկանում ենք, որ սխալմունք էր։ Չի կարելի այդ մարդկանց խոսքին հավատալ»,- ասել է նա։

Մեկնաբանելով ՌԴ նախկին արտգործնախարար Անդրեյ Կոզիրևի հայտարարությունը, ով կարծում է, որ Ռուսաստանը պետք է անդամակցի ՆԱՏՕ-ին, Լավրովը նշել  է, որ «ռուս քաղաքական գործիչների համար՝ առաջին հերթին ընդդիմության, Արևմուտքը անվերապահ իդեալ է և անառարկելի առաջնորդ»։ 

«Նրանք Արևմուտքում արատներ չեն տեսնում, վնաս չեն տեսնում այն ամենի մեջ, ինչ անում է Արևմուտքն ամբողջ աշխարհում՝ կործանելով երկրներ, քանդելով պետականություններ։ Եվ կան այնպիսիք, ովքեր պարզապես ցանկանում են ենթարկվել տեղի ունեցողին»,-  ասել է նա։

Լավրովը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությունը, թե դաշինքը երբեք չի խոստացել չընդլայնվել դեպի Արևելք, չի համապատասխանում իրականությանը։ 

«Իհարկե, նրանք դա արել են»,- նշել է նա՝ նկատի ունենալով բրիտանացի դիվանագետին, ում անունը Լավրովը չէր հիշում: