Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկ Մարությանն ու «Իմ քայլը» խմբակցության 3 անդամներ վայր են դրել մանդատները, իսկ մեկը լքել է խմբակցությունը

Այսօր Երևանի ավագանին գումարել է արտահերթ նիստ։ Մինչև նիստի հիմնական օրակարգին անցնելը Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը տեղեկացրեց, որ Երևանի ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա 2022 թվականի փետրվարի 8-ին, ժամը 11․00-ին։

Այնուհետև նա տեղեկացրեց, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Հայկ Մարությանը, Պավել Մազմանյանը, Լիլիթ Պիպոյանը, Ռուբեն Հայրապետյանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի իրենց լիազորությունները դադարեցնելու մասին։ Իսկ համաձայն Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի գրության, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը դիմում է ներկայացրել խմբակցությունից դուրս գալու մասին։ Նա շարունակում է ավագանու անդամի իր լիազորությունները համապատասխան հանձնաժողովի աշխատանքներում։

«Համաձայն ԿԸՀ-ի 2021 թվականի դեկտեմբերի 27-ի N 40 արձանագրության, Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Գրիգոր Երիցյանի մանդատը  տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Միսակ Սարգսյանին։ Իսկ համար 21 արձանագրությամբ Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած  Գայանե Վարդանյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Գառնիկ Վարդանյանին»,-ասաց քաղաքապետը։