Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բանակում պետք է կադրային լուրջ փոփոխություններ իրականացվեն․ Արմեն Խաչատրյան

Բանակում պետք է կադրային լուրջ փոփոխություններ իրականացվեն․ Արմեն Խաչատրյան
Քաղաքականություն
16:11, 28 декабрь 2021
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովն այսօր կրկին չընտրեց նախագահի տեղակալ. ընդդիմությունը թեկնածու չէր առաջադրել, իշխանությունը՝ նույնպես։

Հիշեցնենք, որ ընդդիմության թեկնածուն Արթուր Ղազինյանն է, որին 14 անգամ արդեն մերժել է իշխանությունը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք հնարավորություն են տալիս ընդդիմությանը՝ նոր թեկնածու առաջադրելու, սակայն այդ պաշտոնը մնում է թափուր։ Ինչպես նաև հայտնեց, որ նախագիծ են մշակում, որ Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի ընտրության պրոցեսն անվերջ չշարունակվի։

Անցնելով այլ հարցերի քննարկմանը՝ Խաչատրյանը հայտնեց, որ պատգամավորներով այցելել են Սյունիք, եղել դիրքերում, ծանոթացել խնդիրներին․ «Հնարավոր է՝ մինչ հունվարի 1-ը կրկին այց ունենանք դիրքեր։ Այցելությունների մեծ մասը չի լուսաբանվում, քանի որ պարունակում են պետական գաղտնիքի տարրեր»։

Խոսելով դիրքերի կահավորումից՝ Խաչատրյանը նկատեց՝ կան խնդիրներ, որոնք լուծումների կարիք ունեն, և դրանց լուծումներ կտրվեն։

ՀՀ պաշտպանության նախարարությունում կադրային փոփոխությունների և արդյունավետ կառավարման ձևի մասին խոսելիս էլ պատգամավորն ընդգծեց՝ կադրային փոփոխություններ են պետք։

«Մենք անցել ենք պատերազմի միջով, պրակտիկ տեսել ենք՝ որտեղ կան խնդիրներ: Բանակում պետք է կադրային լուրջ փոփոխություններ իրականացվեն, պետք է լինեն այնպիսի կադրեր, որոնք այսօրվան համահունչ են և կարող են այսօրվա պայմաններում բանակի ձևավորման մեջ լուրջ դերակատարում ունենալ»,- ասաց նա:

Արմեն Խաչատրյանը նաև նշեց՝ հիմա Հայաստանն ունի նոր մարտահրավերներ, և այդ մարտահրավերների պայմաններում պետք է ունենալ նոր կադրեր, նոր մտածելակերպ:

«Հին մեթոդներով մենք երկար ժամանակ արդյունքների չենք հասնի, հետևաբար, կադրային փոփոխությունը շատ պահանջված է: Գեներալ կլինի, ավագ լեյտենանտ կլինի՝ որևէ նշանակություն չունի. պետք է ծառայության մեջ լինեն այն մարդիկ, որոնք ունեն բարեփոխումների տեսլականը: Ինչը, որ կար, մեզ բերեց արհավիրքի, ու պատերազմում տեսանք բավականին լուրջ խնդիրներ՝ սկսած զորահավաքային խնդիրներից, վերջացրած մարտերի կառավարման խնդիրներով»,- նկատեց պատգամավորը: