Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արտակ Դավթյանը օրենքի ուժով կհամարվի ընդունված ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում․ պատգամավոր

Արտակ Դավթյանը օրենքի ուժով կհամարվի ընդունված ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում․ պատգամավոր
Քաղաքականություն / Իրավունք
12:06, 12 март 2021
Երեկ՝ մարտի 11-ին, ՀՀ նախագահն իր առարկություններով վերադարձրեց Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը և կից հրամանագրի նախագիծը:  Եվ ինչպես սպասելի էր, նախագահը հետ ստացավ իր առարկությունների վերաբերյալ վարչապետի հիմնավորումները։   

«Հանրապետության նախագահը չի ստորագրելու հրամանագրի նախագիծը և չի դիմելու Սահմանադրական դատարան»,- այսօր պարզաբանում հրապարակեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը:

Civic.am-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն ընդգծեց, որ Սահմանադրությունը երկու ճանապարհ է տալիս ՀՀ նախագահին․ կա՛մ դիմում է Սահմանադրական դատարան, կա՛մ ստորագրում է փաստաթուղթը, իսկ չստորագրելու դեպքում լռելյայն համաձայնության ինստիտուտն է գործում․ «Նախագահը, չստորագրելով և ՍԴ չդիմելով, նշանակում է ստորագրում է Արտակ Դավթյանի նշանակման փաստաթուղթը։ Սա լինում է այն դեպքում, երբ ՀՀ նախագահի ինստիտուտի հետ կապված ճգնաժամ է լինում, և նախագահը չի կարողանում գալ համաձայնության մնացած ինստիտուտների հետ, նաև չի ուզում վեճի լուծումը տեղափոխել դատարան։ Այս դեպքում օրենքի ուժով որոշումը համարվում է ընդունված»։  

ՀՀ նախագահի աշխատակազմի հրապարակված պարզաբանման մեջ հատկապես շեշտադրում էր արված, որ Արմեն Սարգսյանն արդեն իսկ դիմել է Սահմանադրական դատարան՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքին վերաբերելի դրույթների՝ Սահմանադրության որոշ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով: Եվ ՍԴ-ի կողմից որոշման կայացումը և հնարավոր միջոցների ձեռնարկումը կարող են էական ազդեցություն ունենալ Գլխավոր շտաբի պետին ազատելու և նշանակելու իրավական կարգավորումների վրա:

Նիկոլայ Բաղդասարյանի տեսնակյունից՝ վերոգրյալն ընդամենը բառերի մանիպուլյացիա է նախագահի աշխատակազմի կողմից, քանի որ, ըստ պատգամավորի, եթե Սահմանադրական դատարանը որոշում էլ կայացնի, ապա այն արդեն իսկ կայացրած ակտերի վրա ոչ մի իրավական ուժ չի ունենա․ «Այնուամենայնիվ այդ մասով համաձայն եմ նախագահի հետ, որ այդ օրենքը որոշակի հակասահմանադրական տարրեր է պարունակում, բայց դա չի նշանակում, որ այս պահին Սահմանադրությունն ու օրենքը նախագահին չեն տալիս հնարավորություն որոշում կայացնելու և ստորագրելու այդ փաստաթուղթը»։ 

Պատգամավորի կարծիքով՝ Սահմանադրությամբ ավելի լայն լիազորություն պետք է տրվի ՀՀ նախագահին նման որոշումներ կայացնելիս, և Սահմանադրական դատարանը կբավարարի նախագահի պահանջը և նրա լիազորությունների շրջանակը կընդլայնի․ «Բայց դա ոչ մի կերպ չի ազդի ոչ Օնիկ Գասպարյանի, ոչ էլ ներկայիս առաջադրված ԳՇ պետի որոշման վրա»,- եզրափակեց Նիկոլայ Բաղդասարյանը։ 

Նարա Մարտիրոսյան