Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տիրան Խաչատրյանը չունի իրավունք ՊՆ-ի շենք մտնելու, մինչև դատարանը վեճը չլուծի․ փաստաբան

Տիրան Խաչատրյանը չունի իրավունք ՊՆ-ի շենք մտնելու, մինչև դատարանը վեճը չլուծի․ փաստաբան
Քաղաքականություն / Իրավունք
15:49, 12 март 2021
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը հայց էր ներկայացրել վարչական դատարան ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ 24.02.2021թ․իրեն պաշտոնից ազատելու հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջով։ Դատարանը մարտի 10-ին վարույթ է ընդունել ԳՇ պետի նախկին տեղակալի հայցը։ Տիրան Խաչատրյանի փաստաբան Ռոբերտ Հայրապետյանի մեկնաբանմամբ՝ դատարան վիճարկման հայց է ներակայցվել և հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը։

«Ինչ վերաբերում է հրամանագրի գործողության կասեցմանը, ապա այն կասեցվում է իրավունքի ուժով»,-գրել է փաստաբանը Ֆեյսբուքի իր էջում:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի դիտարմամբ էլ՝ ի կատար ածված վարչական ակտը չի կարող կասեցվել․ «Երբ արդեն մի գործողություն կատարվել է, դրա վիճարկումը չի կարող այդ վարչական ակտը կասեցնել։ Օրինակ՝ եթե վարչական ակտով բռնագանձվել է ինչ-որ մի իքս գումար, դատարան բողոքարկելով՝ այդ գումարի գանձումը չի կարող կասեցվել, որովհետև արդեն կատարվել է այդ գործողությունը»։ 

Պատգամավորի խոսքով՝ եթե Տիրան Խաչատրյանն արդեն ազատվել է աշխատանքից, ապա դատարանը չի կարող կասեցնել մի գործընթաց, որն արդեն ավարտված է․ «Կասեցվում է այն գործողությունը, որը ենթադրում է կատարում»։

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը ևս այն կարծիքին է, որ Տիրան Խաչատրյանի պաշտոնավարումը չի կարող կասեցվել, սակայն փաստաբանն այս իրավիճակին այլ հիմնավորում է տալիս․ «Ուժային կառույցների հետ կապված աշխատանքային վեճերը լուծում է վարչական դատարանը՝ օրինակ ՊՆ, Ոստիկանություն, Արդարադատության նախարարություն, Դատախազություն և այլն։ Սա վարչական ակտ չի, սա աշխատանքային հարաբերություն է, օրենքում պարզապես գրել են, որ պագոնավորների դատական վեճերը քննվում են վարչական դատարանում, թեպետ նախկինում այս վեճերը լուծվում էին քաղաքացիական դատարանում»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը։ 
Ալեքսանդր Սիրունյանը նշեց նաև, որ վարչական ակտն այն ակտն է որն արտաքին ազդեցություն ունի մարդկանց իրավունքների վրա՝ օրինակ՝ ապօրինի շինթույլտվություն, կադաստրի պետական գրանցում և այլն։

«Մենք այդ կարգի վեճ ունեցել ենք՝ «Կարեն Կիրակոսյանն ընդդեմ Արդարադատության նախարարության», որի արդյունքում քրեակատարողական ծառայող Կարեն Կիրակոսյանը վերականգնվեց, բայց այդ դատը տևեց չորս տարի՝ մինչև վարչական դատարանը վերականգնեց։ Տիրան Խաչատրյանը չունի իրավունք ՊՆ-ի շենք մտնելու՝ մինչև դատարանը վեճը չլուծի»,-եզրահանգեց Ալեքսանդր Սիրունյանը։   

Նարա Մարտիրոսյան