Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2022 թվականը դիվանագիտական պայքարի տարի է լինելու. լրջագույն քննության առաջ ենք կանգնած, ամենակարևորը քաղաքական հասունության քննությունն է․ քաղաքագետ

2022 թվականը դիվանագիտական պայքարի տարի է լինելու. լրջագույն քննության առաջ ենք կանգնած, ամենակարևորը քաղաքական հասունության քննությունն է․ քաղաքագետ
Քաղաքականություն
18:30, 03 январь 2022
«2022-ը պայքարի տարի է լինելու։ Պայքարի՝ դիվանագիտական ասպարեզում, հանուն ժողովրդավարության, պայքարի՝ հանուն մեր ազատությունների, ընդ որում՝ ամենօրյա պայքարի, նաև պայքարի՝ ընդդեմ հիմարության։ Մեզ սպասվում է քրտնաջան, բարեխիղճ տնային աշխատանք,  և կախված այն բանից, թե ինչպես կկատարենք այդ աշխատանքը, դրանից էլ կախված կլինեն քննություններում մեր ունեցած արդյունքները։ Իսկ մենք, իսկապես, լրջագույն քննության առաջ ենք կանգնած, որոնցից ամենակարևորը քաղաքական հասունության քննությունն է»,-մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետ, վերլուծաբան  Ռուբեն Մեհրաբյանը։

Տարվա՝ նախանշված և ակնկալվող գործընթացների վերաբերյալ, մասնավորապես՝ հայ-թուրքական հարաբերություններ, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հարցի քննարկումների ակտիվացում, քաղաքագետը ձեռնպահ մնաց միանշանակ կանխատեսումներ անելուց։ «Ձեր նշած գործընթացները, անխոս, առաջին իսկ աշխատանքային օրից սկսած՝ շարունակվելու են,  բայց քանի որ դրանց հաջողությունը կախված է ոչ միայն հայկական կողմից, այլև հակառակ կողմից, նրանցից, թե ում հետ ենք մենք շփվում, միանշանակ կանխատեսում անելը  դժվար կլինի։ Այս ամենը կախված է նաև մի շարք այլ գործընթացներից, մասնավորապես՝ թե ինչպես կդասավորվեն ՌԴ-ի և Արևմուտքի հարաբերությունները, որոնք շատ դեպքերում կանխորոշելու են նաև վերոթվարկյալ գործընթացները։ Բացի այս ամենից՝ կարևոր է, թե ինչպես կլուծվեն Իրանի և վեցյակի միջև բանակցությունները։ Սա էլ է չափազանց կարևոր ՀՀ-ի համար։ Այնպես որ՝ կապրենք, կտեսնենք»,- ասաց մեր զրուցակիցը։ 

Մասնավորապես հայ-թուրքական գործընթացի հետ կապված արդեն իսկ կանխատեսումներ կան, որ այն, ինչպես ցյուրիխյան գործընթացը՝ հայտնի որպես ֆուտբոլային դիվանագիտություն, դատապարտված է անհաջողության, քանի որ Թուրքիան, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, առաջ է քաշելու  նախապայմաններ, որոնք անընդունելի են լինելու ՀՀ-ի համար։ Պրն Մեհրաբյանը չի բացառում նման զարգացումը, սակայն միաժամանակ այլ՝ լավատեսական  տարբերակներ էլ է կանխատեսում։ «Այդ լավատեսական  տարբերակները մեծապես պայմանավորված են Թուրքիայի ներքաղաքական զարգացումներով, Թուրքիայի՝ իր դաշնակիցների հետ հարաբերություններով, նկատի ունեմ կենսականորեն կարևոր դաշնակիցներին, առաջին հերթին՝ ԱՄՆ-ին։ Մի հանգամանք էլ. եթե առաջնորդվենք այն կանխավարկածով, որ չի ստացվելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, ապա չեմ կարծում, որ դրա համար պետք էր հատուկ բանագնաց նշանակել, նաև առաջարկվեր, որ կարգավորման շուրջ խոսակցությունը լինի ոչ միայն Մոսկվայում, այլև Անկարայում և Երևանում։ Այնպես որ, սա բարդ ու բազմաշերտ պրոցես է, որևէ սցենար բացառելը սխալ կհամարեի, սպասենք զարգացումներին»։ 
 
Իսկ ինչպե՞ս կանդրադառնան արտաքին  պրոցեսները ՀՀ ներքաղաքական իրավիճակի վրա, հնարավո՞ր է, որ ռադիկալ ընդդիմությունը էլ ավելի օգտագործի մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների գերզգայուն թեման՝ իր ներքաղաքական օրակարգը սպասարկելու համար։ Մեհրաբյանը կարծում է, որ մի դեպքում է դա հնարավոր. «Եթե ՌԴ-ն պերմանենտ ճնշումներից անցնի «հարձակման»՝ ընդդեմ մեր ինքնիշխանության, ապա դա կանի «հինգերորդ շարասյան» և «վեցերորդ պալատի» բուռն ներքին աջակցությամբ։ Դրանք Ռուսաստանի՝ մեր մեջ եղած պրոքսիներն են։ Երկրորդ՝ շատ բան կախված է լինելու նրանից, թե ինչպես են դասավորվելու հայ-ռուսական հարաբերությունները։ Այստեղ նույնպես բազմաթիվ տարբերակներ կան, որովհետև եթե ՌԴ-ն, պայմանականորեն ասենք, իր համար ապահովեց էքսկլյուզիվ շահերի գոտու լեգիտիմությունը, ապա դա նշանակում է, որ հետխորհրդային երկրներին  ուղղակի այլ բան, քան իրենց ինքնիշխանության համար պատերազմելն է, չի մնա։ Կարծում եմ՝ այս ամենը Արևմուտքում էլ են շատ լավ հասկանում, և Պուտինին նման հաճույք չեն պատճառի»։ 

Հեղինե Մանուկյան