Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փարաքարում նշանակված ավագանու նիստը չկայացավ, համայնքի ղեկավար կրկին չընտրվեց․ հնարավոր են նոր ընտրություններ

Փարաքարում նշանակված ավագանու նիստը չկայացավ, համայնքի ղեկավար կրկին չընտրվեց․ հնարավոր են նոր ընտրություններ
Քաղաքականություն
13:27, 05 январь 2022
Փարաքար խոշորացված համայնքում այսօր նշանակված էր ավագանու անդրանիկ նիստը, որի ընթացքում ավագանին պետք է ընտրեր համայնքի ղեկավար։ Նիստը, սակայն, չկայացավ։ Չնայած հանգամանքին, որ «Դավիթ Մինասյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համատեղ ունեին անհրաժեշտ 11 մանդատ՝ քվորում ապահովելու և համայնքի ղեկավար ընտրելու համար, սակայն նիստն այդպես էլ չկայացավ։ «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչը նշեց, որ երեք ուժերը վերսկսել են բանակցությունները՝ կոնսենսուս ձեռք բերելու համար, որպեսզի համերաշխ մթնոլորտ ձևավորվի և «Ապրելու երկիր»-ը ևս մասնակցի համայնքի ղեկավարի ընտրությանը, նաև՝ ավագանու հետագա գումարվելիք նիստերին։ «Դավիթ Մինասյան» դաշինքի ներկայացուցիչը չբացառեց հնարավորությունը, որ համայնքում նոր ընտրություններ կարող են տեղի ունենալ։ Եթե երեք ուժերի միջև համաձայնություն չձևավորվի, ապա ՔՊ-ն ու «Դավիթ Մինասյան» դաշինքը կա՛մ իրենց թեկնածուին կընտրեն համայնքի ղեկավար, կա՛մ կգնան արտահերթ ընտրությունների։ 

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ն ու «Դավիթ Մինասյան» դաշինքը պայմանավորվածություն են ձեռք բերել Դավիթ Մինասյանին ընտրել համայնքի ղեկավար։ Այս երկու ուժերը միասին ունեն 11 մանդատ, «Ապրելու երկիր»-ն ունի՝ 10։ 

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանը Civic.am-ին հայտնեց, որ համաձայն ընթացակարգի հաջորդ նիստը կարող է նշանակվել հաջորդ աշխատանքային օրը։ Նիստի՝ նորից չկայանալու դեպքում ավագանին իրավունք ունի երկու շաբաթ ամեն օր նիստ հրավիրել։ Եթե երկու շաբաթվա ընթացքում չհաջողվի համայնքի ղեկավար ընտրել, ապա պետք է նշանակվեն արտահերթ ընտրություններ։

Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ «Դավիթ Մինասյան» դաշինքը և «Ապրելու երկիր»-ը հայտարարել էին, որ իրենց թեկնածուներն ընտրվել են համայնքի ղեկավար։ Գործը հասել էր վարչական դատարան։ Դատարանը անվավեր էր ճանաչել ավագանու նիստը, ընտրության արդյունքները։ Արդյունքում ավագանու անդրանիկ նիստը նշանակվել էր այսօր, որը, ինչպես նշեցինք, չկայացավ։

Վովա Հակոբյան