Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մեզ ակտիվ չաջակցելով, ըստ էության, Ռուսաստանն աջակցեց Ադրբեջանին»․ Ստեփան Գրիգորյան

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ Civic.am-ը զրուցեց տարածաշրջանում և մասնավորապես Հայաստանի մասնակցությամբ հնարավոր նոր պատերազմի, երկրում տիրող ներքաղաքական ճգնաժամի և դրա հանգուցալուծման մասին։

Անդրադառնալով Greek city times պարբերականի հոդվածին, որտեղ խոսվում էր տարածաշրջանում նոր պատերազմի հավանականության մասին, Ստեփան Գրիգորյանը նշեց, որ պետք է լուրջ վերաբերել այսպիսի հոդվածներին, սակայն ինքը հավանական չի համարում, որ մոտ ժամանակներս այդպիսի բան հնարավոր է։

«Ինչու՞ եմ համարում, որ նման բան մոտ ժամանակներս հնարավոր չէ. դա կապված է նրա հետ, որ Ռուսաստանը շատ բան տվեց Ադրբեջանին և Թուրքիային ու եթե հիմա Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, Ռուսաստանի վերջին հենարանը Հարավային Կովկասից վերցնի, պարզ է, որ Ռուսաստանը ցավոտ կարձագանքի»,- նշեց Ստեփան Գրիգորյանը։

Ռուսաստանը, ըստ քաղաքագետի, մեզ ակտիվ չաջակցելով, ըստ էության, աջակցեց Ադրբեջանին։ 

Ալիևի հայտարարությունները, ըստ Գրիգորյանի, մեր դեմ ուղղված հիբրիդային պատերազմ են, երբ մի կողմից Ալիևը խոսում է խաղաղության անհրաժեշտության մասին, իսկ մյուս կողմից՝ սպառնում Հայաստանի տարածքային ամբողջականությանը։

Ստեփան Գրիգորյանի կարծիքով, ՀԱՊԿ-ը պատերազմի ժամանակ պարտավոր էր արձագանքել, երբ հրետակոծվում էին Հայաստանի տարածքները Սյունիքում և Գեղարքունիքում։

«Հնարքները, որ ռուսական ԿաԳեԲե-ն տարածում է, թե իբր Հայաստանը պետք է դիմի, որպեսզի ՀԱՊԿ-ն արձագանքի, արվում են նրա համար, որպեսզի հայ ժողովուրդը չհասկանա, որ ինքը գցեց մեզ»,- նշեց քաղաքագետը։

Ստեփան Գրիգորյանը չբացառեց, որ Տավուշի և Սյունիքի շուրջ տարածվող ինֆոտեռորը տարածվում է՝ նպատակ ունենալով այդտեղ ռուսական նոր ռազմաբազա տեղակայելու համար։

Անդրադառնալով ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար նախագահի հրավերին, Ստեփան Գրիգորյանը նշեց, որ ֆորմատի մեջ խնդիր է տեսնում։ Եթե նույնիսկ ձևաչափում փոփոխություններ լինեն, նախագահը արդեն իսկ հայտարարությամբ առանձնացրել է խորհրդարանական ուժերին և, կոպիտ ասած, նախկին իշխանությանը։

«Ես հարց եմ տալիս՝ քաղաքական դաշտում այլ ուժեր չկա՞ն»,- նկատեց Գրիգորյանը։

Ըստ քաղաքագետի, եթե խորհրդարանական ընդդիմությունը չհամաձայնի հուշագիր ստորագրել՝ իշխանությունը պետք է միակողմանիորեն գնա արտահերթ ընտրությունների ճանապարհով։ Իշխանությունը, պետք է երկխոսություն սկսի արտախորհրդարանական առողջ ուժերի հետ, այսպիսով մարգինալացնելով խորհրդարանական և փողոցային ընդդիմությանը։


Մանրամասները՝ տեսանյութում:

Վովա Հակոբյան