Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խմբակցությունն անսահման թվով նույն թեկնածուին առաջադրելով՝ չի կարող ստիպել պատգամավորին պարտադրված ընտրություն կատարել. Վիլեն Գաբրիելյան

Այսօր ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։  

Ներկայացնելով իր հեղինակած նախագիծը՝ Վիլեն Գաբրիելյանն ասաց, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 130-րդ հոդվածով  սահմանվում է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության կարգը, հոդվածի 10-րդ մասը սահմանում է՝ եթե մշտական հանձնաժողովի  նախագահը չի ընտրվում, ապա  իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո տասնօրյա ժամկետում թափուր մնացած պաշտոնի համար առաջադրում է նոր թեկնածուի։  

Իսկ հոդվածի 11-րդ մասով սահմանվում է, որ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվում է  իրավասու խմբակցության ղեկավարի կամ քարտուղարի առաջադրմամբ, հանձնաժողովի որոշմամբ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունն անցկացվում է  հանձնաժողովի կազմը հաստատելուց, ինչպես նաև նրա պաշտոնը թափուր մնալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։ 
 
«Այս մասից պարզ չէ, թե ինչպես  է կարգավորվում իրավիճակը, երբ հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում։ Օրենքը պրակտիկ կիրառման մեջ ցույց է տվել, որ ունի բաց՝ բոլորիս հայտնի 8-րդ գումարման ընթացքում  տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ։ 

Մասնավորապես ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը տևական ժամանակ չի կարողանում ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Իրավասու խմբակցությունն անընդհատ առաջարկում է նույն թեկնածուին, ում հանձնաժողովի անդամների մեծամասնությունը չի ընտրում, կանոնակարգը չի կարգավորում այս դրույթը, և տեղի է ունեցել շահերի բախում։ ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածը սահմանում է, որ պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով, և իրավասու խմբակցությունը, անսահման թվով նույն թեկնածուին առաջադրելով, չի կարող ստիպել պատգամավորին պարտադրված ընտրություն կատարել»,- ասաց Վիելն Գաբրիելյանը։ 

Պատգամավորի խոսքով՝ օրենքի նախագիծն ընդունելու դեպքում կկարգավորվի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը և կապահովվի ԱԺ մշտական հանձնաժողովի բնականոն ընթացքը։ 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր  Արամ Վարդևանյանն էլ հիմնական զեկուցողին հարցրեց, թե ինչ շահերի բախման մասին է խոսքը, որովհետև շահերի բախումը իրավական եզրույթ է։

Ի պատասխան Վիլեն Գաբրիելյանն ասաց, որ խոսքը մասնավորապես իրավունքի բախման մասին է, քանի որ նրանք «Դոնթի բանաձևով» իրավունք ունեն առաջադրելու թեկնածուի, ինքն էլ, որպես ԱԺ պատգամավոր, իր լիազորություններից ելնելով, իրավունք ունի տվյալ թեկնածուին ընտրելու կամ չընտրելու։ 

Մանրամասները՝ տեսանյութում