Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս ընդդիմությունը, սպասարկելով Ռոբին ու Սերժին, վնաս է հասցնում մեր հասարակությանն ու պետությանը. Վիգեն Խաչատրյան․ Տեսանյութ

«Ճիշտն ասած, երբ մենք գալիս ենք հանձնաժողովի նիստի, և հանձնաժողովի անդամների ելույթը սկսում է «հարգելի հայրենակիցներ» դիմումով, ես ենթադրում եմ, որ դա հանձնաժողովին ուղղված ելույթ չի, և կարելի է ընդունել, որ չես լսել»,- այս մասին այսօր ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

Նա նշեց, որ իրենք եկել են այստեղ միմյանց տեսակետները լսելու և ինչ-որ եզրակացության հանգելու։ 

Պատգամավորը նշեց, որ իհարկե ինքն էլ է շատ հարգում մեր հայրենակիցներին և ուզում է ասել, որ դեպքերի բերումով ստացել են սերժական, ռոբական մի ընդդիմություն, որի նպատակն է տապալել խորհրդարանի աշխատանքները։

«Դա ակնհայտ է, որ այս մարդիկ չեն հավատում, որ գործող մեծամասնությունը ինչ-որ լավ բան կարող է անել, դա իրենց իրավունքն է։ Բայց իմ իրավունքն էլ է չմասնակցել այդ  տապալմանը և հնարավորինս մեղմացնել այն վնասը, որ այս մարդիկ, սպասարկելով Ռոբին ու Սերժին, հասցնում են մեր հասարակությանն ու պետությանը՝ անընդհատ դիմելով «հարգելի հայրենակիցներ» դիմելաձևով։ Ժողովրդավարությունը չի նշանակում լինել անզուսպ, լկտի, ինչ ասես չասել՝ «թառած պատգամավոր», «աթոռը զբաղեցնող անձ». էս բոլորը ժողովրդավարության մեջ չի տեղավորվում, բայց մենք հանգիստ լսում ենք և ասում ենք՝ դե, ամեն մարդ իր մակարդակը և դաստիարակությունն է ցույց է տալիս»,- ասաց Վիգեն Խաչատրյանը։  

Պատգամավորի այս ելույթից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ինչ-որ բան ասաց, որից հետո Վիգեն Խաչատրյանն արձագանքեց. «Էս ձեր հաղորդումը չի, և ես ձեզ չեմ վճարել, ինձ մի սպասարկեք։ Հետո, ինչո՞ւ եք ապացուցում այն, ինչ որ ես ասում եմ, կարելի էր չապացուցել։ Հարգելի հայրենակիցները լսում են, հետևություններն անում են»։ 

Քանի որ Ագնեսա Խամոյանը կրկին տեղից սկսել ռեպլիկներ անել, և իրավիճակը լարվեց, հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը 15 րոպե ընդմիջում հայտարարեց։                    

Մանրամասները՝ տեսանյութում։