Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ակնհայտ հանցագործը անմեղսունակ տեսքով մի բան էլ քաղաքականությամբ է զբաղվում, սրա վերջը ե՞րբ է գալու. Վիգեն Խաչատրյանը հնչեցրեց հայրենակիցների կողմից իրեն տրված հարցը

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծերի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

Նշենք, որ Վիգեն Խաչատրյանը ելույթ ունեցավ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանից հետո, որն, ինչպես միշտ, առիթը բաց չթողեց քամահրանքով խոսելու ՔՊ-ի ու վարչապետի հասցեին։

Վիգեն Խաչատրյանը նշեց, որ նյութի մեջ չի խորանա, բայց հանձնաժողովն այդուհանդերձ աշխատանքային նպատակներ է հետապնդում, և եթե մարդիկ ասելիք ունեն, պետք է լսել, համբերել, թեկուզ երկարի ժամերով, որովհետև մեր հարգելի հայրենակիցներն էլ են իրենց լսում, թող տեղեկանան՝ ով ինչով է շնչում, ով ինչով է ապրում։ Եվ ինքը հարգելի հայրենակիցների տեսակետից կխոսի։

«Մասնագիտությամբ ես իրավաբան չեմ և նրբություններին չեմ տիրապետում, բայց իրական կյանքը մեզ այլ բան է պարտադրում, փոքր պետություն ենք, մեծ ժողովուրդ չենք քանակով, շատերը գիտեն, թե գյուղապետն ինչ է թալանել, ինչ ունեցվածք ունի, թե դատավորն ինչ ունի, թե պաշտոնյան ինչ չարաշահումներ է արել, ինչ բիզնեսներ ունի, ինչ շենքեր ունի, ում համար են կառուցել։ Էս բոլորը մարդիկ ուզում են հասկանալ, էս մարդկանց պատասխանատվության կանչելո՞ւ եք։ Էս մեր դատավորները ժամերով, օրերով, ամիսներով հետաձգում են նիստերը, պաշտպանները նենց գեղեցիկ ճառեր են ասում, ակնհայտ հանցագործը, բոլորի աչքին հանցագործը անմեղսունակ տեսքով մի բան էլ քաղաքականությամբ է զբաղվում, սրա վերջը ե՞րբ է գալու, լավ։ Էլի Վենետիկի հանձնաժողովի կարծիքը լսենք, ես կողմ եմ, որ ամեն ինչ լավ գրվի, բայց  հարգելի հայրենակիցների կողմից ուզում եմ ասել՝ ե՞րբ եք այս խուլիգաններին պատասխանատվության կանչելու, ինձ ամեն հանդիպմանը դա են ասում։ Ինչքա՞ն պիտի հանդուրժեք հանցագործներին, որոնք ման են գալիս հրեշտակի թևերով։ Իրենց ազգուտակով սենց գեղեցիկ ճառեր են ասում, գնում ես գյուղ, ասում են՝ լսի, էս բոլորը էս մարդը թալանել է, դուք ո՞նց եք  հանդուրժում այս մարդուն, չես իմանում՝ ինչ ասես»,- ասաց Վիգեն Խաչատրյանը։ 

Նա խնդրեց, որ երբ այս հարցերը քննարկում են, մի քիչ էլ հասարակական պահանջի հետ հաշվի նստեն, հերիք է «նեյնիմներ» անեք։
Նա նշեց, որ մարդիկ դա են ասում՝ հերիք է։ Պատգամավորը նաև ասաց, որ չի ասում բռնել, զոռով  անմեղ մարդուն պատժել, բայց ակնհայտ   դեպքեր կան, և ինքը չի կարողանում հասկանալ՝ ինչն է սրա գաղտնիքը։  

«Ո՞նց կարող է մարդը գա նստի, մի յոթ հատ դատապաշտպան բերի, բոլորը գիտեն՝ ինչ ունի, բոլորը գիտեն՝ որտեղից ունի, բոլորը գիտեն՝ ինչ է արել, ու սենց նստած խոսում ենք օրենքից։ Ճիշտ ենք անում, բայց ինձ թվում է՝ սրա վերջը պետք է տրվի, թե չէ մեր իշխանությունը վերջնականապես կհեղինակազրկվի էս մասով»,- հավելեց Վիգեն Խաչատրյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում: