Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղազախստանում ստեղծված իրավիճակը հաստատեց ՀԱՊԿ-ի՝ որպես ռազմաքաղաքական կառույցի արժեքը. Տոկաև

Ղազախստանում ստեղծված իրավիճակը հաստատեց ՀԱՊԿ-ի՝ որպես ռազմաքաղաքական կառույցի արժեքը.  Տոկաև
Քաղաքականություն / Աշխարհ
20:17, 12 январь 2022
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպմանը հայտարարել է, որ հանրապետությունում անկարգությունների հետ կապված իրադրությունը վերահաստատել է ՀԱՊԿ կարևորությունը. գրում է ՏԱՍՍ-ը:

 
«Ներկայիս իրադրությունը ևս մեկ անգամ հաստատեց կազմակերպության՝ որպես ռազմաքաղաքական կառույցի արժեքը: Կարծում եմ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասին հիմա խոսում է ողջ միջազգային հանրությունը: Կազմակերպության արդյունավետությունը տվյալ իրավիճակում շատ ակնառու էր: Ծայրաստիճան կարևոր է, որ քարտուղարությունը փոխգործակցության մեջ լինի այլ միջազգային կազմակերպությունների ղեկավարության հետ»,- հայտարարել է Տոկաևը:

Ղազախստանի մի շարք բնակավայրերում հունվարի 2-ից սկսվել էին բողոքի ակցիաներ, որոնք օրերի ընթացքում վերածվեցին զանգվածային անկարգությունների, հարձակումներ իրականացվեցին պետական մարմինների վրա: Անկարգությունների հետևանքով վիրավորվել են հազարավոր մարդիկ, կան զոհեր:

Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ երկրում անհրաժեշտ է հակաահաբեկչական գործողություններ իրականացնել և օգնության համար դիմել էր ՀԱՊԿ-ին: Ի պատասխան դիմումի՝ հունվարի 7-ին սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր, որոնց կազմում են 100 հայ զինծառայողներ: