Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խորհրդարանական ընդդիմությունը կբոյկոտի սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքները

Խորհրդարանական ընդդիմությունը կբոյկոտի սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքները
Քաղաքականություն
18:31, 14 январь 2022
Խորհրդարանական ընդդիմությունը կբոյկոտի սահմանադրական բարեփոխումների համար ստեղծվող խորհրդի աշխատանքները։ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցություններից վերահաստատում են՝ իրենք չեն մասնակցելու բարեփոխումներին։

Դեռ անցած տարեվերջին «Հայաստան» խմբակցության առաջնորդ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ դեմ է սահմանադրական բարեփոխումների մեջ մտնելուն. «Ու ես ընդհանրապես ճիշտ չեմ համարում, որ ամեն իշխանություն պետք է գա ու իր ուզած ձևով Սահմանադրությունը գրի»։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի սատարած «Պատիվ ունեմ» խմբակցությունում էլ իշխանության նախաձեռնությունը կեղծ օրակարգ են որակում, համարում՝ Փաշինյանի կառավարությունը ցանկանում է այդկերպ իր վերարտադրությունն ապահովել։ Նույն մեղադրանքն, ի դեպ, ժամանակին ընդդիմությունն ուղղում էր Սերժ Սարգսյանին, երբ նրա նախաձեռնությամբ 2015 թվականին փոխվեց Սահմանադրությունը, ու Հայաստանը կիսանախագահականից դարձավ խորհրդարանական կառավարմամբ պետություն։

«Դեռևս այն ժամանակ մենք մերժել ենք այս գործընթացը, որովհետև սա կեղծ օրակարգ է, որն առաջին հերթին միտված է կապիտուլյանտ իշխանությունների վերարտադրության ևս մեկ տարբերակ մշակելուն», - կարծում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամներն օրերս են ընտրվել՝ արտախորհրդարանական ուժերից խորհրդում կընդգրկվեն «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների ներկայացուցիչները։ Քաղհասարակությունն էլ ներկայացված կլինի խորհրդում։ Խորհրդի կազմում ընդգրկվելու են նաև արդարադատության նախարարը, որը կնախագահի նորաստեղծ մարմինը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը և արդեն համաձայնությամբ Մարդու իրավունքների պաշտպանը, Բարձրագույն դատական խորհրդի կազմից, Ազգային ժողովի քաղաքական ուժերից մեկական ներկայացուցիչ։ Կազմը դեռ պետք է հաստատի վարչապետը, իսկ նոր ձևավորվող խորհուրդն իր հերթին կձևավորի քաղաքական ուղղվածություն չունեցող 5 գիտնական մասնագետներից կազմված հանձնաժողով։ Հենց գիտնականերն էլ կզբաղվեն Սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակմամբ։

Կառավարման խորհրդարանական համակարգը փոխելու, կիսանախագահականին վերադառնալու հնարավորությունը նոր ձևավորվող սահմանադրական բարեփոխումների խորհրդում քննարկվելիք հարցերից մեկն է լինելու, ասում է Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Տիգրան Դադունցը։ Պաշտոնյան միևնույն ժամանակ շեշտում է՝ նույն նպատակով 2 տարի առաջ ստեղծված ու պատերազմի պատճառով կասեցված հանձնաժողովում ընդհանուր համաձայնություն կար՝ կառավարման մոդելի փոփոխության հարցը չի քննարկվելու։

«Քանի որ վերջերս այդ հարցը կրկին օրակարգ էր մտել և տարբեր շրջանակներում քննարկվել էր, գուցե խորհուրդը դրան անդրադարձ կկատարի, կրկին էլի որոշելով՝ ի վերջո ինչ ուղղությամբ ենք գնում», - նկատեց նա։

Շուրջ մեկ տարի առաջ այսպես կոչված՝ «ռազմական հեղաշրջման փորձի» օրերին սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին խոսելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել կիսանախագահական համակարգին անցելու հնարավորությունը։ Տարեվերջին տրամագծորեն հակառակ կարծիքն էր հայտնել, թե կողմ է խորհրդարանական կառավարմանը։

Թե Փաշինյանի այս իրարամերժ հայտարարություններից հետո ինչ դիրքորոշում կլինի սահամանադրական բարեփոխումների համար ձևավորվող խորհրդում, «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը դժվարանում է ասել, սակայն նշում է, որ կողմ չէ երկրի կառավարման համակարգի փոփոխությանը. «Այդուհանդերձ, հանրապետության նախագահը, օրինակ, պետք է ուղիղ ընտրությամբ ընտրվի քաղաքացիների կողմից, և որպես իշխանության հակակշռման մեխանիզմ՝ պետք է ավելի շատ ներդրում ունենա դատական իշխանության ձևավորման գործում»։

Արդարադատության նախարարությունը ծրագրում է մինչև 2023 թվականի հունիսը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ներկայացնել վարչապետի աշխատակազմին։

Աղբյուր՝ azatutyun.am